
Ավստրալիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ երկիր կատարած այցի դեմ. Հերցոգը ժամանել է Ավստրալիա՝ հրեական համայնքին համերաշխություն հայտնելու դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հերցոգն Ավստրալիա է ժամանել վարչապետ Էնթոնի Ալբանիզի հրավերով։ Այցը զայրույթ է առաջացրել Ավստրալիայի որոշ բնակիչների շրջանում, որոնք Հերցոգին մեղադրում են Գազայում քաղաքացիական բնակչության սպանություններին մեղսակից լինելու համար: Պաղեստինամետ խմբերը բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում և գյուղերում:
Սիդնեյում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական գործարար թաղամասի հրապարակում՝ լսելով ելույթներ և բղավելով պաղեստինամետ կարգախոսներ:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին հետ մղելու համար։ Մի քանի ցուցարար ձերբակալվել է ոստիկանության հետ բախման ժամանակ։
Միևնույն ժամանակ հրեական համայնքի հազարավոր անդամներ, կառավարության պաշտոնյաներ և ընդդիմադիր կուսակցության քաղաքական գործիչներ ողջունել են Հերցոգին բողոքի ցույցերից ավելի քան մեկ կիլոմետր հեռավորության վրա կազմակերպված միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Բոնդիի հարձակման զոհերի հիշատակին։
Հերցոգն իր այցը սկսել է Բոնդի լողափից, որտեղ ծաղկեպսակ է դրել զոհերի հուշարձանին։









