Foto

Հայաստանը՝ լոգիստիկ վակուում

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի բեռնափոխադրողները, արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ՝ Վերին Լարսում ստեղծված ծանրաբեռնվածության պատճառով։ Բանն այն է, որ շաբաթներ է տևում մինչև հայ վարորդները կարողանում են սահմանն անցնել։ Ակնհայտ է, որ իրավիճակը հրատապ լուծում է պահանջում, բայց լուծումը չի երևում, ավելին, մասնագետների պնդմամբ՝ առաջիկայում այն ավելի կբարդանա։

Օրվա իշխանությունները, փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկեն ստեղծված խնդիրն օր առաջ լուծելու համար, կողքից գնահատականներ են տալիս, լավագույն դեպքում՝ մեկնաբանություններ անում, իսկ դրանից, բնական է, որ բեռնափոխադրողների հոգսերը բնավ չեն պակասում։ Ինչպես հայտնի է՝ խնդրին ինչ-որ լուծում տալու համար անցած շաբաթ հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանում։ Թվում էր, թե այդ հանդիպումների արդյունքում որոշակի պայմանավորվածություններ կլինեն։ Ի վերջո, խնդիրը հրատապ է, հատկապես գյուղմթերքների առաքումների սեզոնին, բայց ոչ մի արդյունք չկա։ Բեռնափոխադրողներն այսօր են բախվել դժվարությունների հետ։

Այս օրերին Լարսում բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում։ Անցակետի թողունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց դրանք դեռ կշարունակվեն, առնվազն ևս մի քանի ամիս։ Ակնկալվում է, որ կավարտվեն լավագույն դեպքում տարեվերջին մոտ։ Թե դա գյուղմթերքների արտահանման այս սեզոնին ինչ հետևանքներ կարող է ունենալ, դժվար չէ պատկերացնել։ Որպես այլընտրանք Վերին Լարսին, կառավարությունն առայժմ մեկ լուծում է տեսնում՝ առաջարկում է լաստանավը։ Լաստանավային փոխադրումը նախատեսված է մեկնարկել հունիսի 15-ից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մասնավոր ընկերությունը, որը պիտի կազմակերպի լաստանավով հայկական բեռների տեղափոխումը, շաբաթական հազիվ կարողանա մեկ ուղերթ կատարել և տեղափոխել 50-ին մոտ ավտոմեքենա, վագոնների դեպքում, ավելի քիչ՝ շուրջ 40 վագոն։ Լաստանավային փոխադրումների կազմակերպման ժամանակ յուրաքանչյուր երթի համար կառավարությունը պետբյուջեից 60 մլն դրամ կվճարի՝ հայկական բեռները Փոթիից-Պորտ Կավկազ հասցնելու համար։

Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, երբ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները փորձ է արվում լուծել լաստանավային փոխադրումների միջոցով։ Նախկինում ևս նման փորձեր արվել են, իրականացվել են լաստանավային փոխադրումներ։ Կար ժամանակ, երբ իշխանությունները քննարկում էին նույնիսկ լաստանավ գնելու տարբերակը։ Բայց հետո հասկացան, որ լաստանավային փոխադրումներն այնքան էլ նպատակահարմար չեն բեռնափոխադրողների համար։ Ինչպես հայտնի է՝ ցամաքային փոխադրումներն անհամեմատ ձեռնտու են, քան ջրայինը, նույնիսկ կառավարության հայտարարած սուբսիդավորման պարագայում։ Ու կարող է այնպես ստացվել, որ վաղը լաստանավ սկսի աշխատել, իսկ բեռնափոխադրողները նպատակահարմար չհամարեն օգտվել դրանից։

Ըստ էության, լաստանավային փոխադրումները, անշուշտ, ավելի թանկ են։ Բայց խնդիրը միայն գինը չէ։ Բանն այն է, որ լաստանավով փոխադրումները շատ ավելի ժամանակատար են և միայն լաստանավի գնալ-գալու հետ չեն կապված։ Քիչ չեն խնդիրները մինչև բաց ծով դուրս գալը։ Դրանք ոչ միայն ժամանակ, այլև նյարդերի մեծ լարում են պահանջում։ Ու քչերն են, որ կարող են մտնել նման ծանրության տակ։ Բացի դրանից, կան ապրանքներ, որոնց տեղափոխումը լաստանավով գուցե և ձեռնտու է, բայց այդպիսի ապրանքների տեսականին շատ քիչ է. դրանք կարող են լինել, ասենք՝ հանքահումքային ապրանքները։ Գյուղմթերքի տեղափոխումն այդ ցանկում այնքան էլ չի տեղավորվում։

Միանշանակ է, որ լաստանավը խնդրի լուծում չէ, բայց այս փուլում, երբ իշխանություններն ի վիճակի չեն այլ տարբերակներ գտնել Վերին Լարսում մեր բեռնափոխադրողների համար առաջացած դժվարությունները թեթևացնելու ուղղությամբ, սա գուցե և ինչ-որ չափով թեթևացնի իրավիճակը։ Թեև շատ ավելի նպատակահարմար կլիներ լուծումները փնտրել Լարսի անցակետում։ Ի վերջո, Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, ու հատկապես նման իրավիճակներում պետք է որ որոշակի արտոնյալ հնարավորություններ ստանար՝ ԵԱՏՄ տարածքում մատակարարումներ իրականացնելու և սահմանային անցակետն առանց ավելորդ քաշքշուկների հատելու ժամանակ։ Բայց, ինչպես տեսնում ենք, կառավարությունն այս առումով ոչ մի արդյունքի չի կարողանում հասնել։ Սրանք հույսները դրել են Լարսի անցակետի թողունակության ավելացման վրա։ Իսկ մինչ այդ մեր բեռնափոխադրողները շարունակում են զրկանքներ, նաև ֆինանսական ու բարոյական կորուստներ կրել՝ հայկական բեռների տեղափոխումն ապահովելու համար։

Անկասկած ստեղծված իրավիճակի հետևանքները ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա  առաջիկայում հավանաբար կտեսնենք։ Թեև արտահանողները բազում այլ խնդիրներ ևս ունեն, այդ թվում՝ ոչ միայն ազգային արժույթի ամրապնդմամբ, այլև՝ Վրաստանում բեռնատարների տարանցիկ ճանապարհներից օգտվելու վճարի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված։ Հավելենք, որ ճանապարհային վճարի 75 տոկոս թանկացման վերաբերյալ Վրաստանի կառավարության որոշումը կսկսի գործել արդեն հունիսի 20-ից։ Անկասկած դա կլինի հերթական ֆինանսական բեռը, որը ստիպված են լինելու կրել առաջին փուլում՝ բեռնափոխադրողները, հետագայում էլ սպառողները՝ ապրանքների թանկացումների միջոցով։

Արմեն Հովասափյան