Հայերի և հայերի միջև վիճաբանության արդյունքում երեկ 3 հայ է սպանվել,
կա 4 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Զուգահեռ իրականությունում հայերի և ադրբեջանցիների հակամարտությունում երեկ ևս 1 ժամկետային զինծառայող զոհվեց, թեև ՊՆ մինչ այս պահը ոչ մի հաղորդագրություն չի
տվել։ Սրանից զատ, երեկվա Ապարանի դեպքն ու դրան հաջորդած գործողություններում մի քիչ
անհասկանլի քրոնիկոն է ձևավորվում։
Երեկ գիշերը լրատվամիջոցներից հանրությունը տեղեկացավ, որ ՔՊ-ական
պաշտոնյաների հարազատները կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա. կա 1 զոհ
և վիրավորներ։ Ի պաշտպանություն իշխող
ուժի ՀՀ ոստիկանությունը հաորդագրություն տարածեց, որ վեճը քաղաքական չէ, այլ՝ կենցաղային։ Դա որոշ քաղաքագետներ որակեցին որպես պաշտպանություն,
որն, էլ ըստ նրանց, հաստատումն էր լրատվականներում տեղ գտածների։ Հետաքրարական է, որ
այդ հաղորդագրությունը տեղադրված է միայն ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում,
իսկ Police.am կայքում այդ նյութը չի տեղադրվել։
Ըստ քննչական կոմիտեի
այսօրվա հաղորդագրության՝ հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի
32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային
ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև
մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել
են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը
շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով
հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ
գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց
խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ
խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին
հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ
է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:
Ստացվում է, որ մեքենայի
ազդանշանի վեճի շուրջ բնակիչները ժամ են պայմանավորվե,լ հանդիպել են, հետո դադարեցրել,
ապա նորից վերսկսել ազդանշան տալու-չտալու հարցը քննարկել և այսպես 2 օր շարունակ։
Այստեղ ևս ոստիկանության բացթողմը կա։ Երևան քաղաքի բնակիչները գտնվել են Ապարանում,
ենթադրելի է, որ գիշերել են այնտեղ և օրվա
ընթացքում երեք անգամ հանդիպել են, վիճաբանել։ Հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ էր ոստիկանթյան
օպերատիվ աշխատանքը, ինչո՞ւ դրա մասին չի իմացել թաղային տեսուչը, հատկապես երբ հարցը
վերաբերել է փոխմարզպետին, պատգամվորին ու վերջինիս ազգականներին։
Դեպքի առթիվ քրեական
գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն շատերի
կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի
փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը,
փոխադրելը կամ կրելը)։ ՔԿ հաղորդագրությանը զուգահեռ տեսանույթ
է հրապարակել, որտեղ երևացողը փամփուշտները կրակված են ողորկափող հրազենից։ Կամ քննչական
կոմիտեն հոդվածի ընտրության հարցում է սխալվել, կամ էլ անուղղակիորեն հաստատում է կալաշնիկովի
կիրառումը, որը շրջանառվում էր մամուլում։
Ուշագրավ էր, որ շատ քաղաքական գործիչներ՝ իշխանական
և ընդդիմադիր, դեպքի վերաբերյալ հրապարակումներ արեցին, մեղադրեցին միմյանց, առանց քննության ավարտին սպասելու՝ մեղավորներ գտան, բայց ՊՆ-ից չեն պահանջում
հրապարակել 19 ամյա զոհված զինծառայողի մահվան հանգամանքները, իսկ Քննչական կոմիտեն
էլ քրեական գործ չի հարուցել մահվան հանգամանքները պարզելու համար։ Ընդ որում զինծառայողը
զոհվել է Վարդենիսում՝ ՀՀ տարածքում։ Սա այն դեպքերից է, որ հավանաբար ռուս խաղաղապահները
մեղավոր չեն։









