Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Անկանխիկ գործարքների մասին» օրենքի պահանջների խախտմամբ կատարված գործարքները համարել անվավեր։ Այս մասին հունիսի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Անկանխիկ գործարքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է հանրապետության արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալման, ինչպես նաեւ փոխ առնելու գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ միջոցով։ Մասնավորապես, եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը։ «Այս օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը կներդնի նոր մեխանիզմ, որի համաձայն՝ վերոնշյալ պահանջները չկատարելու դեպքում գործարքը սկզբից եւեթ կհամարվի անվավեր։ Այն կատարման ենթակա չէ եւ չի հանգեցնի իրավական այն հետեւանքներին, որոնց ձգտել են կողմերը այն կնքելիս»,- պարզաբանել է փոխնախարարը։
Օրենքի դրույթներին չհետեւելու պայմաններում կողմերից յուրաքանչյուրը 10 տարվա ընթացքում իրավունք ունի դիմել դատարան եւ ապահովել մինչ այդ կնքված գործարքի անվավեր ճանաչումը։









