Ինչպես հայտնի է մայիսի
22-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էին ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև
եռակողմ բանակցությունները։ Այդ հանդիպումից հետո տարբեր շրջանակներից քննադատություններ
հնչեցին Բրյուսելի հասցեին, այս տարափը լուրջ անհանգստություն է առաջացրել Եվրոպայում:
Մայիսի 23-ին Միշելի տարածած հաղորդագրությունից, հունիսի 1-ին ԵԽ նախագահի խոսնակի
անունից տարածված պարզաբանող հայտարարությունից հետո օրերս տարածաշրջան ժամանեց Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Տոյվո Կլաարը, ով հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ ՔՊ պաշտոնյաների
հետ։
Ի դեպ՝ ավելի վաղ՝ եռակողմ
բանակցությունների արդյունքներով Միշելի տարածած հայտարարությունն ու արած շեշտադրումները
քննադատելու փորձ կատարեց հենց Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ-ում մայիսի 25-ին նշել էր, թե
քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի եղել,
ԵԽ նախագահը որոշել է հայտարարություն անել, որը հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր
երկու կողմերի դիրքորոշումներից:
Ընդհանուր առմամբ ստացվում
է, որ հայաստանյան ընդդիմադիր շրջանակների բարձրացրած բողոքի ալիքն այս գործընթացի
նկատմամբ ԵՄ-ին ստիպել է տեղում պարզաբանել իրավիճակը բրյուսելյան գործընթացը չտապալելու
նպատակով, հատկապես, երբ դրա նկատմամբ ժամանակ առ ժամանակ անվստահություն է հայտնում
նաև ռուսական դիվանագիտությունը: Հավելենք, որ Կլաարը Երևանում փորձել է մեկնաբանել
հայկական կողմի մտահոգության հիմնական թեման, որն առնչվում է Ղարաբաղի ապագա կարգավիճակին,
Ղարաբաղի մասնակցությանն այդ կարգավիճակի հստակեցման գործընթացին, սակայն, ըստ էության,
այդ պարզաբանումները չեն փարատելու որևէ մտահոգություն: Իր
խոսքում նա հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի
հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, նա նշել է,
որ Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով
էլ դա տեղի ունենա: «Ղարաբաղում ապրող մարդիկ
հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ
ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց
կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու»,- նշել է նա։
Ընդգծենք, որ Արցախի անորոշ
կարգավիճակի վերաբերյալ էլ Տոյվո Կլաարն ասել է, թե հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով
դիտարկմանը, թե մինչ Երևանը խոսում է ՄԽ մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը
փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել: Հատկապես ուշագրավ էր, որ Կլաարը
որևէ կերպ չի խոսել Ղարաբաղի կարգավիճակի թեմայից, այլ միայն գործընթացն առաջ մղելուց
և Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու կարևորությունից:
Թեմայի հետ կապված Մարիա
Զախարովան ասել էր, որ ՌԴ-ն տեսնում է ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի
գործընթացին միջամտելու համառ փորձեր: «Մենք
ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ուզում, այլ
ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել էր
նա։
Ընդհանուր ֆոնին հատկանշական
է այն, որ օրերս իր տված հարցազրույցում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն ասել էր,
թե Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման
հարցերը պետք է քննարկվեն:
Նախօրեին Ռուսաստանի ԱԽ
քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևն իր հարցազրույցում քննադատել էր ԼՂ հակամարտության
կարգավորման հարցում Արևմուտքի դերը՝ ընդգծելով, որ ԼՂ չլուծված հակամարտությունը ձեռնտու
էր Արևմուտքին: «Այս հակամարտության գոյությունը
ձեռնտու էր Վաշինգտոնին, որը շահագրգռված էր բորբոքել հակամարտություններ, որոնք վնասում
են հարևան պետությունների կայուն կյանքին։ Ոչ ոք, բացի Ռուսաստանից, շահագրգռված չէր
այս խնդրի կարգավորմամբ։ ՌԴ-ն այսօր ակտիվ ջանքեր է
գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ
ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։
Ըստ էության, ստացվում է, որ կարգավորման
բրյուսելյան գործընթացը դարձել է դժգոհությունների ու քննադատությունների առարկա, դրանք
հնչում են Երևանից, Ստեփանակերտից, Մոսկվայից: Միանշանակ է, որ ԵՄ-ի տեսանկյունից իսկապես
բարդ է զբաղվել մի հակամարտության կարգավորման գործընթացով, որին նա չի առնչվել տևական
ժամանակահատված, ծանոթ չէ դրան խորապես և, ըստ էության, հակամարտության գոտում
չունի այն ազդեցությունը, ինչ ՌԴ-ն, քանի որ դա որոշիչ գործոն է:
Կայացած և անբեկանելի փաստ
է այն, որ այսօր Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, որից բխում
են մարդկանց աշխարհաքաղաքական տրամադրվածությունները հենց Արցախում: Միանշանակ է, որ
ստեղծված բարդ կացությունից դուրս գալու ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի վերականգնումն
է:
Արմեն Հովասափյան









