Foto

«Փողին մուննաթ»-ի սինդրոմը

Թերևս շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայությունն է։ Փաստացի, երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Օրվա իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնց ներկայացուցիչներից ոմանք, հանուն արդարության պետք է նշենք, որ անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ։ Այնուհանդերձ նշված մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանությունը, ըստ էության, հայտարարում է՝ «դուք թալանչի եք»։

Ըստ էության, իշխանությունը գրեթե չի հերքում, որ իր պատճառով հանձնվել է Արցախի մեծ մասը, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է, որ կարող էր որոշում կայացնել, որի արդյունքում հազարավոր զոհեր չէին լինի, բայց բոլոր այդ մեղադրանքներին հակադարձում է մեղադրողների՝ թալանչիության մասին թեզով։ Սա ցինիզմից բացի այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ։

Եթե նիկոլերենից թարգմանենք, ապա Փաշինյանի ասածը հետևյալն է՝ «լավ եմ արել, փոխարենը՝ դուք թալանչի եք»։ Ի դեպ հավելենք, որ հենց նույն այս թեզով են իշխանությունները բողոքի ակցիաների ուղարկում իրենց սադրիչներին, որոնք կա՛մ հակաարցախյան ցնդաբանություններ են արտաբերում, կա՛մ գոռում են թալանի մասին։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով, Հայաստանում քաղաքական դիսկուրսի նշաձողը իջեցրել է  «բեսեդկայի» մակարդակի, ավելին՝ չի խորշում իր իշխանությունը պաշտպանել սեռափոխված մեյմուններով ու թմրամոլ ծաղրածուներով, նա մեծ հաշվով թքած ունի, որ այդպիսով անդառնալի վնաս է հասցնում «ժողովրդավարության  բաստիոն Հայաստանի» հեղինակությանը։ Իսկ այդ հեղինակությունը, եթե, իհարկե, դրանից դեռ ինչ-որ բան մնացել է, ավելի է նվազում. Հայաստանից անտեղյակ մեկը, հետևելով այստեղ կատարվող իրադարձություններին, տպավորություն է ստանում, որ հայ հասարակության համար նյութականը, փողը՝ թալանված կամ ոչ, շատ ավելի կարևոր է, քան հայրենիքը, հանուն այդ հայրենիքի նահատակված հազարավոր երիտասարդների կյանքը և հիշատակը։

Ըստ էության, աշխարհի, միջազգային հանրության շրջանում ձևավորվում է կարծրատիպ, որ Հայաստանի հասարակությունն ապրում և առաջնորդվում է միայն նյութական արժեքներով, փողով, ինչը նշանակում է, որ գործնականում Հայաստանում կարելի է գնել ամեն ինչ։ Եթե անկեղծ, ապա, մեծ հաշվով, Նիկոլն իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում աշխարհին հղել է մեկ գլխավոր ուղերձ՝ ինքը պատրաստ է վաճառել ամեն ինչ։

Ամփոփելով կարող ենք ցավով փաստել, որ Փաշինյանը, հանդես գալով Հայաստանի անունից, գործում է «փողին մուննաթ» սկզբունքով. այդպիսով նա կարող է ապահովել պատվիրատուին հաճո արտաքին քաղաքական կողմնորոշում, հանձնել Հայաստանի այս կամ այն տարածքը՝ շահավետ առաջարկի դեպքում, և այդպես շարունակ։ Բայց որպեսզի այդ ամենավաճառությունը չընկալվի՝ որպես միայն իր պատրաստակամություն, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդպիսին դարձնել կամ այդպիսին ներկայացնել հայ հասարակությանը, որի՝ իրապես մտածող հատվածն այսօր ապրում է միայն ստամոքսով, առանց որևէ արժեքի ու ամենակարևորը՝ առանց հիշողության։

Արմեն Հովասափյան