Մինչև 2018 թվականի հայտնի իրադարձություններն ընդունված էր համարել, որ չնայած ժողովրդավարության
ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, այդուհանդերձ Հայաստանում կայացած է դեմոկրատական
երկրներին բնորոշ ամենակարևոր ինստիտուտներից մեկը՝ քաղհասարակությունը՝ ՀԿ-երը, ակտիվիստները,
իրավապաշտպանները և այլք։ Մինչև 2018-ը նրանք հանդես էին գալիս ընդդիմության դիրքերից,
քանի որ համարվում էր, որ իշխանությունը խախտում է մարդու իրավունքները, ազատությունները,
և դրա դեմ պայքարն ասոցացվում էր ընդդիմության հետ։ Բայց արդեն չորս տարի է՝ Հայաստանում
քաղաքացիական հասարակություն՝ առնվազն նախկին ընկալմամբ, գոյություն չունի։
Ինչպես հայտնի
է ներկայումս օրվա իշխանությունները մարդու իրավունքներն ու ազատությունները խախտում
են շատ ավելի կոպտորեն. երկրի ղեկավարի շարասյունը կարող է վրաերթի ենթարկել քաղաքացու՝
առանց որևէ հետևանքի, ոստիկանական ուժերը բազմապատկվել են նախկինի համեմատ, ամեն օր
հարյուրավոր քաղաքացիներ բիրտ ուժով բերման են ենթարկվում, բայց բոլոր նրանք,
որոնց ընդունված է համարել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այսօր բոլոր
այդ իրադարձությունների նկատմամբ ցուցաբերում են կա՛մ կատարյալ լռություն,
կա՛մ լավագույն դեպքում՝ հանդես են գալիս խիստ հերթապահ արձագանքներով։
Ըստ էության, նախկինում հարյուրներով
կամ գուցե հազարներով հաշվվող քաղաքացիական հասարակությունից այսօր այդ կոչմանն իրապես
հավատարիմ են մնացել եզակի անհատներ, նախկինում ասֆալտին պառկողները հիմա պառկած են
իշխանամերձ բազմոցներին, որտեղից հեգնում են իրենց կարծիքից տարբերվող տեսակետ ունեցողներին։
Զավեշտալի է,
բայց ընդամենը մի քանի տարին բավարար եղավ համոզվելու համար, որ շուրջ երկու տասնամյակ
որպես քաղհասարակություն՝ Հայաստանում կազմավորված խմբերն իրականում մաքուր քաղաքական
միավորներ էին, որոնք պարզապես հանդես էին գալիս այլ ցուցանակի ներքո, և որոնց խնդիրը
ոչ թե քաղաքացիականությունն էր, այլ քաղաքականությունը։ Հստակ պարզ դարձավ նաև, որ
նրանք պայքարում էին ոչ թե մարդու իրավունքների ու ազատությունների, այլ նրա համար,
որպեսզի իշխանության գար իրենց կամ իրենց հովանավորներից ցանկացած մեկը։
Փաստացի, Նիկոլ Փաշինյանը
բացահայտեց, որ ինչպես իր իշխանության գալուն նպաստած շատ ատրիբուտներ, Հայաստանում
գործող քաղաքացիական հասարակությունը ևս կեղծ էր։ Նրա իշխանության գալով՝ արձանագրվեց
այդ քաղաքացիական հասարակության վախճանը, որն այսօր մեռելային աջակցություն է ցուցաբերում
Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Հայաստանում կա առավելապես իշխանությանը ծառայող «քաղաքացիական
հասարակություն», որը ֆունկցիոնալ առումով ունի նույն դերակատարումը, ինչ կարմիր կամ
սև բերետավորները. պահպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Տեղի ունեցածի
մեջ մառազմը կայանում է նրանում, որ եթե նախկինում քաղաքացիական հասարակության այդ
անդամները ծեծվողների շարքերում էին, հիմա պաշտպանում են ծեծողներին։ Իսկ դա ապացուցում
է, որ նրանց գործունեության հիմքում ընկած են եղել ոչ թե ժողովրդավարական արժեքները,
ինչպես ներկայացնում էին տարիներ շարունակ, այլ ամենաճղճիմ քաղաքական շահը, որը սպասարկելու
համար, ըստ ամենայնի, նրանք խտրություն չեն դրել միջոցների մեջ։
Արմեն Հովասափյան









