Բերման ենթարկվածների թվում նաև կանայք կան։ Անգամ ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները շարունակում էին երգել «Զարթնիր, լաոն»։
Երևանի Պուշկին փողոցում ոստիկանները մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկեցին, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Բերման ենթարկածների թվում նաև կանայք կան։ Բերման ենթարկվելու ընթացքում ցուցարարները շարունակում էին վանկարկել «Առանց թուրքի Հայաստան»։
Արդեն ոստիկանական ավտոբուսում ակցիայի մասնակիցները երգում էին «Զարթնի՛ր, լաո» երգը, որը «Դիմադրություն» շարժման օրհներգն է դարձել։
Բերման ենթարկվածները հերթով գլուխները հանում էին ավտոբուսի պատուհաններից՝ իրենց կոչն ուղղելով պայքարը շարունակող ընկերներին։
Հավելենք, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց ճանապարհը բացելու մասին նախապես պահանջ հնչեցնելու։ Ընդհանուր առմամբ, քաղաքի այս հատվածում ոստիկանները մի քանի տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեցին։