Foto

Թաիլանդում գնացքի վրա ամբարձիչի ընկնելու պատճառով զոհերի թիվը հասել է 32-ի

Թաիլանդում առնվազն 32 մարդ է զոհվել, 66-ը՝ վիրավորվել, երբ շինարարական ամբարձիչն ընկել է շարժվող գնացքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Վիրավորներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ամբարձիչը ռելսերից դուրս էր բերել գնացքը՝ իր տակ թողնելով վագոններից մի քանիսը։ Վագոններից մեկում հրդեհ էր բռնկվել։

Պաշտոնյաները հայտնել են, որ վթարի պահին գնացքում եղել է 171 ուղևոր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքում եղել են 195 ուղևոր և անձնակազմի անդամ։

«Թաիլանդի պետական երկաթուղիները» հետաքննում է միջադեպի պատճառները։ Ընկերությունը հայտարարել է, որ իրավական գործընթաց է սկսում ամբարձիչի համար պատասխանատու շինարարական ընկերության դեմ։

Գնացքում, որն ընթանում էր Բանգկոկ-Ուբոն Ռաթչաթանի երթուղով, հիմնականում եղել են ուսանողներ և աշխատողներ, որոնք դասի կամ աշխատանքի էին մեկնում։

Ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին։