Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ արձագանքելով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի տարածած հրապարակմանն առ այն, որ Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը չեն մասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, քանի որ սահմանված ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից մուտքի արտոնագիր չեն ստացել:
Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաներից համապատասխան գրություն ստանալու պարագայում այն դիտարկում է և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջնորդություն է ներկայացնում Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությանը՝ մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու նպատակով (անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև արագացված ընթացակարգ):
Միաժամանակ, նախարարությունից նաև հայտնում են, որ նախկինում՝ 2025 թ., 2024 թ. և 2023 թ.-ին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման գրություններ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք:
Հիշեցնենք, որ Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Շեֆիլդում 2026 թ. հունվարի 12-18-ը:









