Foto

20-ամյա զինծառայողի մահվան գործով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները

20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

Պարտադիր պայմանագրային զինծառայողի մահվան մասին հայտնել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է մայիսի 11-ին ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում։

Քննչական Կոմիտեն էլ տեղեկացրեց, որ նա եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զ​ինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը․ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով), կատարվում է նախաքննություն։