Աշտարակ համայնքի ավագանու անդամի ղեկավարած և նրա կնոջը ու ազգականներին պատկանող ընկերությունը մասնակցում և հաղթում է նույն համայնքի գնման մրցույթներին։ Աշտարակ համայնքի հետ ընկերությունը վերջին 4 տարիներին 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրում է «Հետքը»։
2025 թ. «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումը երկու պայմանագիր է կնքել Աշտարակի համայնքապետարանի հետ՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։ «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊ ընկերությունների 40%-ը պատկանում է Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի կնոջը՝ Մերի Խաչատրյանին, իսկ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ շին» ՍՊԸ-ի տնօրենն է։
Արա Բաղդասարյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով։
«Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների մասնակիցները նույն անձինք են, բացի Մերի Խարատրյանից՝ 50% փայ ունի Կարո Բաղդասարյանը, 10%՝ Վահե Բաղդասարյանը, որոնք ավագանու անդամ Արա Բաղդասարյանի ազգականներն են։
«Էկո սիթի գրուպ» ընկերությունը մինչև 2025-ի դեկտեմբերի 2-ը պատկանում էր այլ անձանց։ Ընկերությունների կոնսորցիումը 2025 թվականին ևս 6 պայմանագիր է կնքել այլ համայնքների և պետական մարմինների հետ։ Այս բոլոր պայմանագրերի ընդհանուր գինը 1 մլրդ 216 մլն 543 հազար դրամ է։
2025-ին Աշտարակի համայնքապետարանի հետ ընդհանուր 231 մլն դրամի պայմանագիր է կնքվել
2025 թվականին Աշտարակ համայնքի հետ առաջին պայմանագիրը կնքվել է հունիսի 20-ին։ Համայնքի հայտարարած մրցույթը եղել է երկու ծրագրերի վերաբերյալ՝ առաջինը Սասունիկում խաղադաշտ կառուցելու, երկրորդը՝ Կարբիում զբոսայգու և խաղահրապարակների տարածքների վերակառուցման։ «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ընկերությունների կոնսորցիումը երկու աշխատանքների վերաբերյալ էլ գնառաջարկ է ներկայացրել, բայց Սասունիկում նախատեսված աշխատանքների համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջ և Ս» ՍՊ Ը-ն, քանի որ ավելի ցածր գին է առաջարկել։ Իսկ Կարբիում զբոսայգու և խաղահրապարակների տարածքների վերակառուցման աշխատանքների համար միակ գնառաջարկը ներկայացրել է կոնսորցիումը և հաղթող է ճանաչվել։
Կնքված պայմանագրով կոնսորցիումին համայնքը վճարելու էր 41 մլն 692 հազար դրամ։ 2025-ի հոկտեմբերի 7-ին համայնքապետարանի և կոնսորցիումի միջև համաձայնագիր է կնքվել, որով պայմանագրի գինը ավելացվել է 4 մլն 63 հազար դրամով, այսինքն՝ պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 45 մլն 756 հազար դրամ։
2025-ի սեպտեմբերի 15-ին Աշտարակի համայնքապետարանը կոնսորցիումի հետ կնքել է երկրորդ պայմանագիրը։ Դրանով նախատեսված է ֆուտբոլի խաղադաշտեր կառուցել Աշտարակ քաղաքում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում։ Պայմանագրի գինը 185 մլն 400 հազար դրամ է։
«Ավանգարդ շին» ՍՊԸ-ն պետական և համայնքային գնման մրցույթներին մասնակցում է 2022 թվականից։ Մինչ 2025-ը «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ընկերությունների կոնսորցիումը Աշտարակի համայնքապետարանի հետ կնքել է մեկ պայմանագիր՝ 240 մլն դրամի, ևս երկու պայմանագիր համայնքապետարանի հետ կնքել է «Ավանգարդ շին» ՍՊԸ-ն՝ 495 մլն դրամի։ Այս երեք պայմանագրերի մասին գրել է «Infocom–ը։
7.27 միլիարդ դրամի պայմանագրեր այլ մարմինների հետ
2023-25 թվականներին «Ավանգարդ շին» և «Էկո սիթի գրուպ» ՍՊԸ-ների կոնսորցիումը հաղթել է պետական և համայնքային (Աշտարակի համայնքապետարանի հետ կնքված 5 պայմանագրերը ներառված չեն) գնման յոթ մրցույթում և կնքել ընդհանուր 6 մլրդ 763 մլն դրամի պայմանագրեր։ Եվս 5 պայմանագիր կնքել է «Ավանգարդ շին» ՍՊԸ-ն՝ առանձին, իսկ այդ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է 510 մլն 381 հազար դրամ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









