Foto

Գերմանիան և Հնդկաստանը ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Գերմանիան և Հնդկաստանը մտադիր են խորացնել լայն շրջանակի ուղղություններով համագործակցությունը։ Հունվարի 12-ին հնդկական Ահմադաբադում կողմերը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ներկայությամբ, ստորագրել և հայտարարել են ընդհանուր առմամբ 27 համաձայնագրերի և մտադրությունների հռչակագրերի մասին, հայտնում է DW-ն։

Համաձայնագրերն ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ՝ սկսած ռազմական ոլորտում և հազվագյուտ մետաղների արդյունահանման բնագավառում համագործակցությունից, մինչև երկու երկրներում երիտասարդական հոկեյի աջակցությունն ու գերմանական առողջապահական համակարգի համար որակյալ կադրերի ներգրավումը։

Մասնավորապես, Գերմանիայի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները կնքել են մտադրությունների հռչակագիր՝ պաշտպանական ճյուղերի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Airbus Defence-ն արդեն իսկ աշխատում է հնդկական շուկայում, իսկ Thyssenkrupp-ի սպառազինության ոլորտի դուստր ձեռնարկությունը՝ TKMS-ը, ակնկալում է մինչև մարտի վերջ Հնդկաստանում ստանալ վեց սուզանավերի կառուցման պատվերներ՝ ևս երեքը ստանալու հնարավորությամբ։

Ներկայումս Հնդկաստանը զգալիորեն կախված է Ռուսաստանից սպառազինությունների մատակարարումից։