Foto

ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքում հնարավոր են ժամանակավոր խափանումներ

ՕՎԻՕ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին միացված կապուղին ժամանակավորապես անջատվելու է։

Այս մասին հայտարարություն է տարածել Կենտրոնական բանկը՝ ներկայացնելով պատճառը։ «ՕՎԻՕ ընկերությունը և քաղաքապետարանն իրականացնում են մալուխների տեղափոխման աշխատանքներ, որի հետ կապված հունվարի 12-ին մինչև ժամը 19:00-ը ՕՎԻՕ ընկերության՝ ՀՀ ԿԲ-ին միացված կապուղին անջատվելու է։

Նշված ժամանակահատվածում հնարավոր են կապի ընդհատումներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցում, ինչի արդյունքում հնարավոր է՝ հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը»,– ասված է հայտարարության մեջ։