Գլխավոր դատախազությունն ԱԺ նախագիծ է ուղարկել, որով փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Կարիք է առաջացել խմբագրել մի շարք
հասկացություններ, այդ թվում՝«պաշտոնատար անձ» եզրույթը: Նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ,
որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձինք պետք է ներառվեն
օրենքով սահմանված «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում: Գործող օրենքով «պաշտոնատար
անձ» հասկացությունը չի ներառում «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված
հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց մի մասին: Նկատենք,
որ «Հանրային ծառայության մասին» օրենքի վերջին փոփոխությամբ հայտարարագիր ներկայացնող
անձանց շրջանակը զգալիորեն ընդլանվել է:
Գլխավոր դատախազության
մշակած նախագծով փոփոխություններ ենառաջարկվում նաև ապօրինի ծագում ունեցող գույքի՝ բարեխիղճ ձեռք
բերողի հոդվածում:
Գործող օրենքով, եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է
բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել,
ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող
է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական
արժեքի չափով գումար: Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ շուկայական արժեքի պարզման
անհնարինության դեպքում կարող է բռնագանձվել այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար:
Առաջարկվում է ավելացնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը՝ ըստ
որի՝ ուսումնասիրություն կարող է սկսվել նաև այն դեպքերում, երբ ապօրինի ծագում
ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են
բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում
է ապօրինի ծագում ունեցող գույք:
Ըստ նախագծի՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ իրավասու մարմնի
կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակներում տվյալներ ձեռք բերվեն առ այն,
որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Սակայն օրենքի գործող կարգավորումներով
իրավասու մարմինը չունի լիազորություն՝ սեփական նախաձեռնությամբ այդ անձի գույքի նկատմամբ
սկսելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ: Հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա հնարավոր է սկսել ուսումնասիրություն
պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող գույքի առնչությամբ՝ նախագծով
առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաև այն դեպքերի համար, երբ նշված
անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում։
Առաջարկվում է նաև երկարացնել ուսումնասիրության գործողության ժամկետը,
գործող օրենքով այն առավելագույնը երկու տարի է, որը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել
մինչև մեկ տարի ժամկետով: Նախագծում նշվում է առավելագույնը երեք տարի ժամկետի մասին:
Նաև ավելացվում է «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս
գտնվող ապօրինի ծագում ունեցող գույք» եզրույթը, և նշվում է, որ իրավասու մարմինը կարող
է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում,
եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ
տեղեկություններ:
Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին մասին
օրենքը քրեաիրավական միջոց չէ, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:
Այն թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական
եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում
ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմը հերքել` գույքի ձեռքբերումը
հիմնավորող ապացույցների ներկայացմամբ:









