Ինչպես հայտնի
է՝ գործող կառավարության համար սովորական երևույթ է դարձել բյուջեի թերակատարումները։
Խոսքը, մասնավորապես, ծախսերի, թերակատարման մասին է, ըստ էության, իշխանությունները
նախատեսում են համապատասխան ծախսեր, բայց իրականում դրանք կյանքի չեն կոչվում։ Տեղի
ունեցածի մեջ ցավալին այն է, որ, փաստացի, փողը կա,
բայց իշխանությունները չեն կարողանում ծրագրերն իրականացնել։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն
ու իր վարչախումբն ամեն տարի խոստանում են, որ հաջորդ տարի լավ է լինելու, բայց դարձյալ
ի շրջանս յուր վիճակն է լինում, երբեմն՝ նույնիսկ ավելի վատ։ Դաժան իրականությունն
այն է, որ տևական ժամանակ է ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ այս իրավիճակից։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրվա իշխանությունը երկիրը կանգնեցրել է կոտրած
տաշտակի առաջ։
Օրերս ֆիննախն
ամփոփել է առաջին եռամսյակի բյուջեի կատարողականը, ու պարզ է դառնում, որ ոչինչ չի
փոխվել՝ դարձյալ ունենք նույն իրավիճակը։ Դեֆիցիտով պլանավորված` բյուջեն
դարձել է պրոֆիցիտային։ Պատճառն այն է, որ թերացել են կատարել նախատեսված ծախսերը,
ավելին՝ դրանք էապես շեղվել են պլանից։ Առաջին եռամսյակում ծախսերի ճշգրտված պլանով
նախատեսված էր կատարել 486 մլրդ դրամից ավելի ծախսերը, սակայն կատարվել է ընդամենը
397 միլիարդը։ Փաստացի, 89 միլիարդի ծախս չի կատարվել, այլ կերպ ասած՝
թերակատարումն անցնում է 18 տոկոսից։ Չնայած պլանավորված աճին, իշխանությունները նույնիսկ
ավելի քիչ ծախս են արել, քան արել էին նախորդ տարի։ Այս տարվա առաջին եռամսյակում բյուջետային
ծախսերը կազմել են շուրջ 397 մլրդ դրամ, անցած տարի կազմել էին 405 միլիարդ կամ ավելի
քան 8 միլիարդով շատ, քան կատարվել է այս տարի։
Առաջին հայացքից
թվում է, թե ռուս-ուկրաինական հակամարտության ու կիրառվող պատժամիջոցների հետևանքով
սրված տնտեսական խնդիրների պայմաններում կառավարությունն ամեն ինչ պիտի աներ հնարավորինս
շատ փող ներարկելու տնտեսության մեջ՝ տնտեսական գործընթացները խթանելու համար։ Հատկապես
եթե հաշվի առնենք, որ գոյություն ունեցող բարձր գնաճի ֆոնին Կենտրոնական բանկն իրականացնում
է կոշտ դրամավարկային քաղաքականություն՝ ազդելով ինչպես տնտեսության մեջ մտնող փողի,
այնպես էլ՝ տնտեսական ակտիվության վրա։ Նման իրավիճակներում սովորաբար էլ ավելի է կարևորվում
կառավարության կողմից ծախսերի խթանումը։ Սակայն, ինչպես տեսնում ենք, կառավարությունը
ոչ միայն մեծապես թերացել է կատարել նախատեսված ծախսերը, այլև դրանք ավելի քիչ են եղել,
քան նախորդ տարի էին։
Նախնական ծրագրերի
համապատասխան կառավարությունը նախատեսել էր այս տարի կտրուկ ավելացնել կապիտալ ծախսերը,
բայց առաջին եռամսյակում դրանք նույնիսկ կրճատվել են։ Ըստ էության, այս տարի
ավելի քիչ կապիտալ ծախսեր են իրականացրել, քան իրականացրել էին անցած տարի։ Ու սա՝
այն դեպքում, երբ այս տարի կապիտալ ծախսերի 60 տոկոսանոց աճ են պլանավորել բյուջեում։ Հիմնականում
դրա հետ են կապել նաև նախատեսված տնտեսական աճի ապահովումը։
Նախնական տարբերակով
առաջին եռամսյակի համար պլանավորված էին 67,2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, մինչդեռ կատարվել
է ընդամենը 37,2 մլրդ դրամը։ Ստացվում է, որ միայն առաջին եռամսյակում 30 միլիարդով
կապիտալ ծախսեր հետ են ընկել։ Ավելին՝ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ճշգրտված
պլանի ընդամենը 55,3 տոկոսը։ Արձանագրվել է 44,7 տոկոսի հասնող թերակատարում։ Իրականացված
կապիտալ ծախսերն էապես զիջել են նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշը։
Հատկանշական է
ընդգծել, որ անկախ նրանից, թե ինչով է պայմանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը,
դա ոչնչով չի արդարացնում կառավարությանը։ Փողը տնտեսության մեջ ներարկելու, առկա բազմաթիվ
խնդիրների պայմաններում՝ տնտեսությանը խթաններ հաղորդելու փոխարեն, իրենց համար հեշտ
եկամուտներ աշխատելու ձև են գտել ու ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ այդ արատավոր
շրջափուլից։
Օրվա իշխանությունները
վարում են անհասկանալի ու անկանխատեսելի քաղաքականություն. նախատեսված կապիտալ
ու նաև ոչ կապիտալ ծախսերը չեն կատարում, փողը տնտեսությունից հանում են, տնտեսությանը
զրկում են շրջանառու միջոցներից ու տանում փողը դնում են բանկերում, ինչ է թե՝ տոկոսներ
են ստանում։
Ամփոփելով հավելենք
նաև, որ առաջին եռամսյակում, հիմնականում ծախսերի թերակատարման պատճառով, բյուջեն
28,7 միլիարդի հավելուրդ է ունեցել՝ պլանավորված 67,1 միլիարդի պակասուրդի դիմաց։ Արդյունքում՝
բյուջեի ազատ միջոցներն ավելացել են գրեթե 88 մլրդ դրամով։
Արմեն Հովասափյան









