Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռացմանը, ձախողված տրանսֆերներին և ռուսական «Զենիթի» առաջարկը մերժելու պատճառներին: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Խոսելով այն մասին, թե ինչու չտեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ նրան առաջարկում էին կրկնակի բարձր աշխատավարձ, Թիկնիզյանը պարզաբանել է, որ այդ ժամանակ իր հայացքն ուղղված էր դեպի Եվրոպա:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այն ժամանակ ակտիվ երկխոսության մեջ է եղել իտալական «Բոլոնիայի» և իսպանական «Բետիսի» հետ:
«Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե ինձ զանգահարել են այդպիսի ակումբներից կամ եթե տեսակապով խոսել եմ նրանց հետ, ուրեմն տրանսֆերը 99%-ով կայացած է: Բայց իրականությունն այլ է. եվրոպական ակումբները չափազանց ուշադիր են և երկար են ուսումնասիրում յուրաքանչյուր մանրուք»,- նշել է նա:
Չնայած «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած 122 հանդիպումներին, 16 գոլերին և 17 գոլային փոխանցումներին, Թիկնիզյանը բավականին քննադատաբար է մոտենում իր մոսկովյան կարիերային:
«Ո՞վ մնացի ես «Լոկոմոտիվի» պատմության մեջ: Ոչ ոք: Ես ոչ մի տիտղոս չեմ նվաճել: Նույնիսկ եթե 130 խաղ ես անցկացրել, դա ոչ մեկին չի հետաքրքրում, եթե չկան հաղթանակներ»,— անկեղծացել է պաշտպանը:
Թիկնիզյանը հավելել է, որ իր առաջին տարիները թիմում լավագույնը չէին, և ինքն այլ կերպ էր պատկերացնում իր հեռացումն ակումբից, սակայն ընդունում է դա որպես կյանքի փորձ: Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանից սկսած Նաիրը պաշտպանում է սերբական գրանդի՝ «Ցրվենա Զվեզդայի» գույները:









