Նախօրեին խորհրդարանում
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։ Ըստ էության, նա չի ստում,
որովհետև ինքը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ սովորական շոումեն, ում համար ճգնաժամ
չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հարկատուների հաշվին Բալի կամ իշխանության
հաշվին հարստացողների հաշվին Հունաստան մեկնելու հնարավորություն կա։ Փաստն այն է,
որ իրականում քաղաքական ճգնաժամ Հայաստանում կա և կա այն ժամանակվանից, երբ քաղաքականության
տեղը զբաղեցվել է քաղաքական մեյմունությամբ։
Այսօր ակնհայտ
է, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ՝ ինչպես իրավիճակային, ընթացիկ, առավել ևս
խորքային առումով։ Ընթացիկ հարթությունում ճգնաժամն արտահայտվում է առնվազն նրանով,
որ խորհրդարանի երկու խմբակցությունները երկու շաբաթից ավելի փողոցում են և արդեն անցել
են այն սահմանագիծը, որ կարող են որևէ պարագայում վերադառնալ ԱԺ։ Ըստ էության, այսօր ունենք
մի իրավիճակ, որ եթե անգամ ընդդիմության պայքարը չավարտվի իշխանափոխությամբ, նրանք
խորհրդարան չեն վերադառնա, ինչը եթե ոչ՝ ֆորմալ, ապա՝ բովանդակային առումով առաջացնելու
է ճգնաժամ, որից իշխանության համար ամենացանկալի ելքը կարող է լինել հերթական արտահերթ
ընտրությունը, ինչին, սակայն, ընդդիմությունն ըստ ամենայնի չի համաձայնի։
Դրանից բացի խորքային
առումով ճգնաժամն արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախի
ու Հայաստանի հետ անել այն, ինչի համար որևէ մեկը նրան ոչ միայն պողպատյա, այլ անգամ
թիթեղյա մանդատ չի տվել։ Ընդ որում, իրավիճակի նրբությունն ու վտանգավորությունն այն
է, որ այդ ճգնաժամն ինքնին չի հանգուցալուծվելու, եթե անգամ այսօր փողոց դուրս եկած
ընդդիմությունն անսպասելիորեն դադարեցնի պայքարը կամ նույնիսկ վերադառնա խորհրդարան։
ԱԺ վերադառնալու դեպքում այն ամբողջությամբ
կհեղինակազրկվի և խաչ կքաշի իր քաղաքական կարիերայի վրա, ինչը պետք է որ այսօր
ընդդիմադիր որոշումներ կայացնողները գիտակցեն։
Ակնհայտ փաստ
է այն, որ եթե անգամ դա տեղի ունենա, եթե անգամ նրանք ոչ միայն վերադառնան խորհրդարան,
այլ անդամագրվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, միևնույն է՝ երկրում գոյություն
ունեցող ճգնաժամը, որը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան քաղաքական է, որքան բարոյահոգեբանական
և արժեքային, չի հաղթահարվելու։ Դրա համար անհրաժեշտ են խորքային քաղաքական լուծումներ,
որոնք Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ներկայացնելու այն պարզ պատճառով, որ իր իշխանությունն
է ճգնաժամի աղբյուրը։
Միանշանակ է,
որ Հայաստանը պետք է հնարավորություն ստանա նոր էջ բացելու՝ գործող ընդդիմությամբ կամ
առանց նրա։ Եթե դա չկարողանան անել գործող ընդդիմադիր ուժերը, փոխարինելու կգան նորերը։
Բայց սկզբունքային է այն, որ այս իրավիճակում պետությունն ու հասարակությունը չեն կարող
շարունակել ապրել։
Ըստ էության, պառլամենտական
կառավարում ունեցող երկիրը, որի ԱԺ նախագահը խորհրդարանական երկու խմբակցությունների՝
երկու շաբաթ հրապարակում գտնվելու պայմաններում հայտարարում է քաղաքական ճգնաժամի բացակայության
մասին, մեղմ ասած, չի կարող համարժեք ընկալվել ո՛չ քաղաքացիների,
ո՛չ էլ աշխարհի կողմից։ Պետությունը, որի իբրև թե վերկուսակցական նախագահը որևէ կերպ
չի արձագանքում, երբ իր նստավայրի դիմաց երկու օր շարունակ իր նախագահած երկրի ոստիկանությունը
ինքնադատաստանի է ենթարկում այդ նույն երկրի քաղաքացիներին, շատ ավելի անհրապույր սուբստանցիայի
մեջ է, քան ճգնաժամը։ Այս ամենից կարող ենք ենթադրել, որ պետության ու հասարակության
համար ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը նախ քաղաքականությունը միմոսության դաշտից
հետ վերադարձնելն է, ապա դրանով զբաղվողներին համապատասխան վայրեր ուղարկելը։
Արմեն Հովասափյան









