Foto

ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները՝ Կամբոջայի հետ սահմանին իրավիճակի սրացումներով պայմանավորված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում  է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նիկոնդետ Փհալանգկունը։

«Մենք ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի տեղակալից նամակ ենք ստացել, որում ասված է Թաիլանդի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիր կնքելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դրանից հետևում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, երբ Թաիլանդը կհաստատի համատեղ հռչակագիրը կյանքի կոչելուն իր հավատարմությունը։ Այս առնչությամբ մենք հիասթափված ենք․ Թաիլանդը հետևողականորեն հաստատել է, որ անվտանգության հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Թաիլանդի ու Կամբոջայի երկկողմ խնդիրներին, չպետք է կապվեն առևտրային հարցերի հետ, որոնք քննարկում են Թաիլանդն ու ԱՄՆ-ը»,- ասել է պաշտոնյան։