Foto

Դավաճանությունը սրբո՞ւմ է կոռուպցիան

Իբր մեր խնդիրները մեզ քիչ էին, ԱԱԾ-ն էլ, բարի լույսով, հայտարարեց, թե պետական դավաճանության դեպք են բացահայտել: Թեև իմ ու իրավաբանների կարծիքները «բացահայտել» եզրույթի վերաբերյալ տարբերվում են, բայց ես մնում եմ այն կարծիքին, որ հանցանքը բացահայտելն ու հանցագործին (որոշ դեպքերում ենթադրյալ) բռնելը արմատապես տարբեր բաներ են:

Բայց վերադառնանք թեմային: Ես ուրախ եմ, որ նմաքն զազրելի դեպքերը բացահայտվում են, թեև շատ վատ է, որ այդ դեպքերը կան ընդհանրապես: Դրանք պետք է հանգամանալից քննվեն, մեղավորները ստանան ծանրագույն պատիժ և, որպես ծանրագույն հանցանքի օրինակ, ներկայացվեն դպրոցներում, զորամասերում, բուհերում և այլն: Բայց թույլ տվեք, այստեղից սկսած, «գործ» բառը չակերտների մեջ առնել, որովհետև մի տեսակ բեմականացում է հիշեցնում: Այդ ենթադրյալ հանցագործը տարիներ շարունակ, ըստ հետաքննության, թշնամուն գաղտնի տվյալներ է տվել, փող է դրա դիմաց ստացել: Իրեն բռնել են ապրիլի 20-ին ու 4 օր անց արդեն հրապարակո՞ւմ են դա: Լավ, այդ անձը գործակիցներ չի ունեցե՞լ, փողը ո՞նց է ստացել, ո՞վ է այդ փող տվողը, ո՞նց է դա տվել, փող տվողը այդ ստացած տվյալներն ո՞ւմ է փոխանցել, ո՞նց է դա արել, որտե՞ղ է դա արել: Էս բոլոր հանգամանքները պարզել պետք չէ՞ր: Եթե պարզել են, ինչո՞ւ դրանց մասին բան չի ասվում, ուրիշ անուններ չեն տրվում: Եթե չի արվել, ինչո՞ւ է այս ամեն ինչը հրապարակայնացվում: Եթե արվել է ու հրապարակման ենթակա չի, որ նույնպես չեմ բացառում, իմաստը ո՞րն է, որ առանց դատարանի կայացրած որոշման սա հրապարակայնացվում է: Այս օրինակի վրա բանակում կամ հասարակության մեջ քարոզչություն անել կլինի՞: Բա որ վաղը պարզվի, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվել է: Նմանատիպ՝ դավաճանության վերաբերյալ, մի քանի «գործերը» տեղից չեն շարժվում, արդյունք չեն տալիս, նույնիսկ մեղադրանքը փաստերով ապացուցել չի լինում և այլն:

Այստեղից հետևություն. մինչև պատերազմը մոդայիկ էին կոռուպցիայի ու թալանի, իսկ հիմա՝ դավաճանության վերաբերյալ «գործերը»: Այն ժամանակ նպատակը նախկինների թալանի ու կոռուպցիայի անվան տակ քաղաքական հալածանքներն էին, իսկ հիմա՝ պետական դավաճանության անվան տակ երկրում վախի, դավադրությունների մթնոլորտ ստեղծելը և շոուներ կազմակերպելը: Ժողովուրդը պետք է մնա տանը, համակարգչի կամ հեռուստացույցի առաջ, ոչ թե հրապարակներում ներկայիս թալանի ու կոռուպցիայի, գնաճի կամ թուրք-ադրբեջանական վտանգի մասին խոսի, այլ «շպիոն Օնիկ» ծրագիրը սպասարկի իրենց «բեսեդկայում»:

Արդեն մարդիկ կան, որ այս «գործն» էլ են նախկինների գրպանը գցում, թե իբր Վանեցյանն ի՞նչ էր անում, որ իր օրոք այսպիսի բաներ են եղել կամ՝ Վանեցյանը սկի իրեն գաղտնալսողին չի բացահայտել և այլն: Շատ տարօրինակ է, որ «ինքնախոստովանող» անձը չի հայտարարում, թե ինքն այս կամ այն ընդդիմադիր քաղաքական հոսանքի կամ կուսակցության ծպտյալ անդամ է եղել: Մինագամից երկու նապաստակ կարելի էր սպանել:

 



 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան