ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ահա և վերջ. Հետքի սուտը բացահայտվեց
Երկու օր առաջ Հետք լրատվականը հոդված հրապարակեց, թե իբր ես գնել եմ տուն` շուկայականից էականորեն էժան գնով և պնդում արեց, որ իմ համար 55 հազար դոլար զեղչ է արվել: Իբր հետաքննություն էին արել և եզրահանգել, որ ես 54 միլիոն դրամով հիպոտեկով ձեռք եմ բերել տուն, որի իրական արժեքը 75 միլիոն 600 հազար դրամ է:
Այսօր պաշտանապես դիմեցի Կադաստրի կոմիտե և խնդրեցի տրամադրել տվյալներ այդ նույն թաղամասում վաճառված նույն մակերեսով մյուս թաունհաուզների գների մասին:
Եվ ահա պարզվեց, որ տներից երկուսը վաճառվել են 50 միլիոն դրամով, այսինքն, ավելի էժան, քան ես եմ գնել: Իսկ երբևէ ամենաթանկ գինը եղել է 60 միլիոն դրամը, որը վաճառվել է 2025 թվականին: Հիշեցնեմ, որ ես անշարժ գույքը ձեռք եմ բերել 2024 թվականի հուլիսին` հիպոտեկով, 20 տարի ժամկետով:
Ինձանից ընդամենը մի քանի գործողություն պահանջվեց, որ ես պարզեմ այդ թաղամասում վաճառված տների իրական արժեքը: Իսկ իրեն հետաքնող լրագրություն համարող լրատվականը ինչու՞ չարեց այս պարզ գործողությունը` կադաստրի կոմիտեից վերցնելու իրական առքուվաճառքի թվերը և հասկանալու, որ ես ոչ միայն 55 հազար դոլար զեղչ չեմ ստացել, այլ նույնիսկ ավելի թանկ եմ գնել տունը մի քանի գնորդներից: Վաճառված տների մեջ իմ ձեռք բերած գույքը լիովին շուկայական արժեքի սահմաններում է:
Իսկ գուցե Հետքի նպատակը հետաքննությունն ու լրագրությունը չէ՞ր, այլ զրպարտությունն ու սուտը: Ի՞նչ անուն ունի Հետք լրատվականի կատարած այս քայլը:
Հետքից պահանջում եմ հրապարակային հերքում` «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» վերտառությամբ նյութի համար: Ստի ոտքը կարճ է:
Լավ օր բոլորին









