Արցախի դրոշը պղծելու վերաբերյալ տեսանյութը քննության առարկա կդարձվի ոստիկանությունում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ մամուլում հրապարակված և շրջանառվող տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:
«Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» կոչվող ահաբեկչական խմբավորման անդամները, որն այժմ անվանվում է «Ազգային ժողովրդավարական բևեռ», ներկելու միջոցով պղծել են Արցախի դրոշը, որը տեղադրված էր Ֆրանսիայի հրապարակում։ ՀՅԴ երիտասարդները և այլ քաղաքացիներ Ֆրանսիայի հրապարակում Արցախի նոր դրոշ են տեղադրել։









