«Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»,- այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բրյուսելում Շառլ Միշելի և Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպման մանրամասները:
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը:
«Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո ունենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից է, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- հայտնեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Բրյուսելում երկու ուղղություններով առաջ գնալու պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրված արդյունքներից:
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշարջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այն դառնա իրականություն»,- ասաց նա:









