Foto

Հռոմի Լևոն 14-րդ պապն հանդիպել է Էրդողանի հետ․ Ստամբուլում նա կայցելի Պոլսո Հայոց պատրիարքություն

Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում ժամանել է Թուրքիա: Արարողակարգի համաձայն՝ քահանայապետը նախ այցելել է Անկարայում Աթաթուրքի դամբարան, ապա հանդիպել Թուրքիայի նախագահի հետ:

Ռեջեփ Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը: Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, Հռոմի պապը կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:

Այցի ընթացքում Հռոմի պապը կմեկնի նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ Հռոմի պապը կայցելի նաև Ստամբուլի Կապույտ մզկիթ: