Foto

ՀՀ ԱԺ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, դա Արցախը ցեղասպանությունից փրկելու պահանջ է․Կարին Տոնոյան

«5165 շարժման» ներկայացուցիչները հավաքվել են ՀՀ ԱԺ դիմաց։ Նրանք պահանջում են, որ ՀՀ ազգային ժողովը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և անհապաղ աշխատանքներ սկսի ԱՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Շարժման ներկայացուցիչները։ 

«Հայտարարում ենք, որ այս պահանջը Արցախի փրկության պահանջ է, Արցախը ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Խնդրում ենք սա չդիտարկել որպես շարքային, սովորական, քաղաքական ակցիա»,-ասաց Շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջագիր ներկայացրեցին Հայաստանի խորհրդարանին։

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշեց, որ սա պետք է դառնա բոլորի օրակարգային հարցը, քանզի պիտի լուծվի Արցախի փրկության խնդիրը, ինչը նաև մեր արժանապատվության հարցն է։ Նա ընդգծեց, որ փաստացի Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։

«Սովորաբար նման ակտերն ընդունում են երկրի ղեկավարները, գործադիր մարմինը կամ խորհրդարանը։ Բայց, քանի որ մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի պահել մեր ազգային շահը, ազգային շահի օգտին չի գործել, հիմա էլ չենք վստահում իրեն, ուստի, մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։

Դիմում եմ մեր խորհրդարանին և իշխանությանը և ասում՝ եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե՝ եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի։ Եթե նման սադրանքներ լինեն, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք։ Այդ ամեն անում եք, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից։ Սեպտեմբերի 27-ին մենք Արցախը չենք ճանաչել, բայց պատերազմ սկսվեց։ Այնպես որ, թող որևէ մեկը չփորձի մոլորեցնել այդ վախերով, թե մենք հանուն դրա չենք ճանաչում Արցախը»,-ասաց Կարին Տոնոյանը։

Աղբյուր` Փաստինֆո