Սլովակիան ներդաշն կգործի Եվրոպական միության հետ՝ գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի դեմ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերն այն բանից հետո, երբ նախարարը բարձրացրել է ռուբլով վճարելու հնարավորության մասին հարցը, եթե դա անհրաժեշտ լինի գազի մատակարարումը շարունակելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
«Այս իրավիճակում կարևոր նշանակություն ունի միասնականությունը, և մենք պնդում ենք, որպեսզի պահպանվեն պայմանագրերի պայմանները և եվրոյով վճարումները»,- ասել է Հեգերը Ֆեյսբուքի իր գրառման մեջ։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը հայտարարել էր, որ Սլովակիան չի կարող կտրվել ռուսական գազի մատակարարումներից, և եթե ստիպված լինի վճարել ռուբլով, կանի դա։
Սլովակյան SPP գազային ընկերությունը վերջին վճարումն է կատարել եվրոյով։ Սուլիկն ասել է, որ հաջորդ վճարումը պետք է կատարվի մայիսի 20-ին, ինչը ժամանակ է տալիս խնդիրը լուծելու համար։









