Foto

Ռուսաստանում հասկացել են, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն իսկապես խաթարում են հարաբերական «հավասարակշռությունը» Անդրկովկասում

ՌԳ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը նախօրեին Ռուսաստանի հանրային հետուստատեսությամբ կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները իրենց արբանյակ պետությունների՝ մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ագրեսիա են իրականացնում և Ռուսաստանի համար իրական վտանգ են ստեղծում: «Եթե դրա համար կոշտ և միանշանակ չպատժվեն, ապա մեր ինչին է պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը, իսկ այն շատ խոցելի է: Եթե մարդիկ բառերը չեն հասկանում, ապա պետք է սկսեն գործողությունները հասկանալ: Եթե մենք դա չանենք, մենք գոյություն չենք ունենա»,- ասել է Դելյագինը:

Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դելյագինի հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում ՌԴ պաշտոնական գծին: Սակայն առավել հետաքրքիր է այն  ձևակերպումը, որով Պեսկովը մեկնաբանել է Դելյագինի խոսքերը:

 «Այս իրավիճակում, երբ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության ապահովման և երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարման համար, անհրաժեշտ է կրքերի զսպվածություն»,- ասել է Պեսկովը:

Ըստ ամենայնի, և Պեսկովի խոսքերն անուղղակիորեն հաստատում են իրողությունը, Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն իսկապես խաթարում են այն հարաբերական «հավասարակշռությունը», որ ուկրաինական պատերազմից առաջ Ռուսաստանը փորձեց ապահովել Անդրկովկասում: Ռուսաստանի քաղաքական վերնախավում ավելի ու ավելի հաճախ են հնչում այդպիսի կարծիքներ, բայց պատգամավոր Դելյագինն առաջինն էր, որ «պաշտոնական գծից» առավել խիստ և ուղղագիծ արտահայտվեց Ռուսաստանի նորահայտ դաշնակցի վարած ակնհայտ հակառուսական քաղաքականությանը: Չի բացառվում, որ եթե Ադրբեջանում այդքան հիստերիկորեն չքննադատվեր Դելյագինի խոսքը, ապա Դմիտրի Պեսկովն ընդհանրապես չարձագանքեր:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան