Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։
«Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։
Երկուստեք ընդգծել ենք Հայաստան – Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։
Քննարկել ենք ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։
Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։
Քննարկել ենք նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խուդաթյանը:









