Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում կառուցված նախկին
«Մանկական աշխարհ» հանրախանութի տեղում նախատեսվում է սկսել ժամանակակից և հարմարավետ
առևտրի ու զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնի շահագործման հանձնելու գործընթացը:
Հայտնի գործարար և բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի անմիջական
մասնակցությամբ կառուցվել է համալիր, որը կդառնա երևանցիների ու Երևանի հյուրերի ամենասիրելի
ժամանցի վայրերից մեկը:
Արա Աբրամյանի հրավերուվ այս օրերին Երևանում է գտնվում
աշխարհահռչակ «Սուպերնովա» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Յոզեֆ Լիոկամովիչը,
ով ծանոթանում է համալիրի հնարավորություններին՝ ներդրումներ կատարելու նպատակով: Երևանում
ներդրումներ կատարելու մտադրություններն առավելապես պայմանավորված են այն հանգամանքով,
որ, ինչպես Յոզեֆ Լիոկամովիչն է նշում, Արա Աբրամյանի անձնական մասնակցությունը մեծ
վստահություն է ներշնչում, ինչի արդյունքում նախագիծը կհաջողվի: Հենց դա է պատճառը,
որ նախկին խորհրդային երկրներից «Սուպերնովա» ընկերությունների խումբը կանգ է առել
Հայաստանի Հանրապետության վրա՝ հաշվի առնելով Արա Աբրամյանի հետ երկարամյա արդյունավետ
համագործակցությունը:
«Սուպերնովա» ընկերությունների խումբը մասնագիտացած է աշխարհի
տարբեր երկրներում առևտրի և ժամանցի կենտրոնների կազմակերպման և կառավարման մեջ, և
մեծ համբավ է վայելում այդ ոլորտում։ Նրա մասնաճյուղերը գործում են Ավստրիայում, Գերմանիայում,
Լեհասատանում, Ռումինիայում, Խորվաթիայում և այլ երկրներում: Ընկերության ավելի քան
60 ժամանցային-առևտրային կենտրոնները տարեկան սպասարկում են ավելի քան 60 միլիոն այցելու:
«Պանդեմիայից հետո աշխարհում շատ բան է փոխվել, բիզնեսը դժվարին ժամանակներ է ապրում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում խոշոր օտարերկրյա ներդրումների համար գրավչության մակարդակը ցածր է, այդուհանդերձ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բարեկամությունը և համագործակցությունն է այն գրավականը, որ «Սուպերնովա» ընկերությունների խումբը ցանկանում է ներդրվել նաև Հայաստանում»,- ասում է Յոզեֆ Լիոկամովիչը:









