Foto

Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման․ Ելենա Կիրակոսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը, որն այս օրերին խմբակցության մի քանի այլ պատգամավորների հետ Արցախում է, նոր մանրամասներ է հաղորդել Արցախում առկա իրավիճակի մասին.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկ Արցախ հասնելուն պես ունեցել ենք մի քանի հանդիպումներ:

Թեպետ երեկ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվել է հայտարարություն այն մասին, թե իբրև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների կողմից համատեղ վարվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն դեռևս երեկ սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները և գազամատակարարումը կարճ ժամկետում պետք է վերականգնված լիներ, այնուամենայնիվ մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7 ջերմաստիճանի պայմաններում:

Եվ չնայած բնակչությունը և որոշ հաստատություններ կարողացել են ժամանակավոր լուծել ջեռուցման հարցը, բայց դպրոցները, մի շարք բուժ հաստատություններ, հանրային վայրեր շարունակում են կանգնած մնալ ջեռուցման լուրջ խնդրի առջև»,-հայտնել է նա: