Foto

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում փոխզիջման հույս կա․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում փոխզիջման հույս կա։ Այս մասին նա ասել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես կենտրոնանում եմ մեր բանակցողների կողմից տրված գնահատականների վրա, նրանք նշում են, որ բանակցությունները լավ չեն ընթանում՝ հասկանալի պատճառներով, բայց, այնուամենայնիվ, փոխզիջման որոշակի հույս կա»,- ասել է Լավրովը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գործընթացում կան կոնկրետ ձևակերպումներ, որոնք մոտ են համաձայնեցմանը։ Այժմ բանակցություններում լրջորեն քննարկվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը՝ զուգակցված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջների հետ… կոնկրետ այն, ինչ քննարկվում է բանակցություններում, կան բացարձակապես կոնկրետ ձևակերպումներ, որ, իմ կարծիքով, դրանք մոտ են համաձայնության»,- հավելել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը կոնկրետ ձևակերպումներ չի տալիս Ուկրաինայի երաշխիքների և չեզոքության վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքը մի շարք «հետաքրքիր հայտարարություններ» է արել, մասնավորապես, որ ոչ ոք չի ակնկալում, որ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ։

Ինչպես հաղորդվում է, առցանց բանակցությունների նոր փուլը սկսվել է երկուշաբթի օրը և շարունակվում է։

Նախագահի աշխատակազմը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները դարձել են «ավելի կառուցողական»։