Foto

«Սլավոնական պատերազմի» ինտրիգներն ու ենթատեքստերը

Գրեթե ողջ աշխարհում, բայց հետսովետական տարածաշրջանում հատկապես, աշխարհաքաղաքական լարվածությունը հրաբխանման զարգանում էր դեռևս 2014 թվականից, պարզապես, չգիտես ինչու, դա շատերը չէին զգում: Իրականությունն այն է, որ ոչ բոլորն են հասկանում քաղաքականությունից, թեև ցանկացած մեկը մեկնաբանում է, բայց հիմա բոլորն արդեն այդ իրավիճակը նկատել են։ Ի դեպ, չմոռանանք, որ այս փլուզման մաս դարձան նաև Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծում առաջին սաստիկ լարվածությունը տեղի ունեցավ նույն 2014 թվականի օգոստոսին։

Ըստ էության, հիմա սկսել է «Խորհրդային Միության փլուզման երկրորդ փուլը», երբ բացահայտ պատերազմների միջոցով փոխվելու է հին, վարչական խորհրդային սահմանների կոնֆիգուրացիան։ Բնավ այս ամենը չի լինի Երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես բոլորին է թվում, այլ պատերազմ է Եվրասիական մայրցամաքի վերաբաժանման համար:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից դրված ռազմավարական նպատակն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ուղիղ պայմանավորվածությունների դուրս գալն է: Միաժամանակ դժվար է ասել, որ ներկայումս դրա համար ավելի շատ հնարավորություններ են ստեղծվել, այլ՝ ընդհակառակը: Իսկ Ուկրաինան Արևմուտքի համար պարզապես գործիք է եվրասիական տարածքում կոնֆիգուրացիա փոխելու հարցում: Վաշինգտոնին հարկավոր չէ Ուկրաինայի հաղթանակ, նրա նպատակը Կիևի ու Մոսկվայի հնարավորինս խորը, երաշխավորված ընդհարումն է այնպես, որպեսզի դա անդրադառնա եվրասիական բոլոր կապերի վրա, սրա հետ կապված, ըստ ամենայնի, երկրորդ կարծիք չի լինի։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հարկավոր է, որպեսզի ուկրաինական հողում ավերածությունները հնարավորինս շատ լինեն, որպեսզի այլևս ոչ ոք հետդարձի հնարավորություն չունենա:

Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է շեշտվում, որ տեղի ունեցող ռազմական գործողությունների թիրախը ծայրահեղականներն են և ո՛չ ուկրաինական ժողովուրդը, սակայն իրականում ստացվում է, որ ձևավորվում է բացասական վերաբերմունք, քանի որ չափազանց շատ զոհեր կան երկու կողմից, և այդ փաստը հետ գլորել չի հաջողվի: Չի բացառվում, որ երբևէ տեղի ունեցողն անվանվի «Առաջին սլավոնական պատերազմ» կամ այլ կերպ: Սակայն ռուսների ու ուկրաինացիների, միլիոնավոր մարդկանց, հասարակությունների միջև սուր լարվածությունն ակնհայտ է: Այլևս հնարավոր չէ այդ մարդկանց բաժանել մաքուրների և անմաքուրների, «պարզերի» և «նացիստների»: Ամեն ինչ այնքան է խառնվել իրար, որ սա կարելի է անվանել նաև հասարակական պատերազմ։

Պետք է արձանագրենք, որ իրավիճակը զարգանում է այնպես, որ Հայաստանին չի հաջողվի անմասն մնալ և կրավորական կեցվածք ապահովել ընթացող պատերազմի հետ կապված, քանի որ հարվածի տակ կարող է հայտնվել եվրասիական ողջ տարածքը: Հնարավոր է, որ այս հարցով Հայաստանին ավելի քիչ դժգոհություններ լինեն, քանի որ մենք նույնպես գտնվում ենք կիսառազմական պայմաններում, երբ Արցախի շուրջ մինչև վերջ ոչինչ լուծված չէ: Այնուհանդերձ փաստենք, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանից տեսնել ադեկվատ հայացք, չմոռանանք, որ ՀՀ իշխանությունները մինչ այս պահը Լուգանսկի ու Դոնեցկի հարցում որևէ դիրքորոշում չեն հայտնել, ինչը Մոսկվայում, ըստ էության, տարօրինակ է թվում:

Ակնհայտ է, որ Հայաստանը չի ցանկանում մոտենալ նշված խնդրին, քանի որ ուղիղ կերպով կապված է ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերություններին, այլև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերություններին:

Արթուր Սարգսյան