Եթե հետհայացք
գցենք աշխարհաքաղաքական գործընթացների վերջին մի քանի ամիսների իրադարձություններին
և հայտարարություններին, ապա որոշակի վերապահումներից ելնելով, կարող ենք արձանագրել,
որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող էր և չլինել, եթե մարդիկ առաջնորդվեին առողջ մտածողությամբ
և ոչ թե հակառուսական կարծրատիպերով: Եթե ավելի անկեղծ՝ խոսքը Արևմուտքի հասարակական-քաղաքական
գործիչների մասին է: Դիտարկենք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության
հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի
մի քանի հայտարարություններ:
Բոլորովին վերջերս
Ստոլտենբերգն արևմտյան լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Արևմուտքը մի շարք սխալներ
է թույլ տվել, ինչը խոչընդոտել է Ռուսաստանի հետ մերձեցմանը: Այդ սխալներից էր նաև
ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ Ուկրաինային տրված խոստումը: Վերոհիշյալ հայտարարությանը
նախորդել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեկնաբանությունը: Բորելն
իր հերթին հայտնել էր, որ ԵՄ-ն արգելք չի սահմանի ռուսական նավթի և գազի համար՝ ռուսական
վառելիքից մեծ կախվածության պատճառով։ Եվ ավելացրել էր, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ
ռուսական նավթի ներկրումն էական մաս չի կազմում, եվրոպացիներն առանց դրա ուղղակի ապրել
չեն կարող: Եվ այդ պատճառով էլ ռուսական նավթն ու գազը չեն ներառվել սահմանափակումների
ցանկի մեջ: Բորելը, միաժամանակ, հայտարարել էր, որ իրենք ջանքեր են գործադրում
այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար: Էներգակիրների այլ աղբյուրներ փնտրելուն
զուգահեռ Եվրոպայում փորձելու են պակասեցնել ռուսական գազի սպառման ծավալը: Նշենք,
որ նախատեսվում է մինչև տարեվերջ սպառումը նվազեցնել 2/3-ի չափով:
Վստահաբար կարող
ենք փաստել, որ ՌԴ ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող Եվրոպան զերծ
է մնում ռուսական նավթից և գազից հրաժարվելուց, նշանակում է, որ այս հարցում «ժողովրդավարական»
Ուկրաինայի նկատմամբ քաղաքական վերաբերմունքը ստորադասվում է գործարարությանը: Ինչպես
գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր ասել, եթե իրենք հրաժարվեն ռուսական
վառելիքից, ապա երկրի ողջ տրանսպորտը կանգ կառնի:
Հունվարին Ֆրանսիայում
գումարված ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին Բորելը
հայտարարում էր, որ ԵՄ-ն կշարունակի կազմել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ,
ինչպես նաև այդ հարցում կակտիվացնի համակարգումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ: Եվ այդ ամենը
նա ներկայացնում էր որպես պատասխան Ռուսաստանի հնարավոր ագրեսիային: Միաժամանակ հավաստում
էր, որ ԵՄ-ն նախընտրում է երկխոսության և բանակցությունների ուղին: Իսկ թե ինչպես է
այդպիսի ուղին հարիր նախապատրաստվող պատժամիջոցներին, երևի տեղյակ են եղել պատժամիջոցներ
նախագծողները:
Ըստ էության,
եթե ժամանակին Արևմուտքը համապատասխան վերաբերմունք ցույց տար ՌԴ նախագահի խաղաղասիրական
նախաձեռնությանը և ոչ թե Ուկրաինային խոստումներ տար ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առումով,
ապա չէր լինի նաև Վլադիմիր Զելենսկու ակտիվությունը Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ և
չէր լինի նաև այսօրվա պատերազմը: Ստացվում է, որ հակառուսականության տիրույթում արևմտյան
«խաղերի» արդյունքում Զելենսկին ամբողջովին կորցրել էր իրականության զգացողությունը,
իսկ այդ ամենի վճարն էլ տալիս են ուկրաինացիները՝ իրենց կյանքով և գույքով՝ ողջ երկիրը
դարձնելով մի մեծ «պոլիգոն»։
Արմեն Հովասափյան