Foto

Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց

Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագրի իրականացման մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին եւ թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի եւ Քրիստիան Հենշելի միջեւ կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ էլ, մարզային համակարգողի միջոցով, կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ:

Թիմի ղեկավարն ընձեռված հնարավորության համար նախ շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին եւ հույս հայտնել, որ նա կնպաստի ծրագրի ավելի արդյունավետ իրականացմանը:

Քրիստիան Հենշելը ներկայացրել է EU4Sevan ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք կաջակցեն ՀՀ կառավարությանը եւ կկարգավորեն Սեւանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝ EU4Sevan ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում նախատեսվում է մարզում իրականացնել աշխատանքներ, որոնք ընդգրկելու են Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման, Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրից բխող բաղադրիչների իրականացման ընթացքում ծավալել ակտիվ համագործակցություն: