Ուկրաինայի շուրջ ծավալվող դինամիկ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Բաքուն
ընդլայնում է ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ: Այս ամենը համընկնում
է՝ ինչպես Ուկրաինայում ծավալված պատերազմական գործողություններին, այնպես էլ՝ դրանով
պայմանավորված միջազգային դիվանագիտական բազմակողմ ու բազմամակարդակ շփումներին:
Բավականին տևական
փորձերից հետո միջնորդական առաքելություն է ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրագույն
ղեկավարությունների միջև, Թուրքիային հաջողվեց Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում
ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Չնայած հանդիպումը
չի տվել որևէ առարկայական արդյունք, Թուրքիայի նախագահն այդ հանդիպումը դիվանագիտական
հաղթանակ է որակել:
Հետևելով իրադարձությունների
ընթացքին՝ տեսնում ենք, որ մարտի 10-ին Էրդողանն Անկարայում ընդունել է նաև Իլհամ Ալիևին,
քննարկումների առանցքում եղել է հիմնականում տարածաշրջանում ստեղծված հետհակամարտային
իրավիճակը: Ըստ տեղեկությունների` 4 ժամ տևած բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել
են՝ Շուշիի հռչակագիրը, Հայաստան-Ադրբեջան հետհակամարտային կարգավորումը, այսպես կոչված՝
«Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը, Կարս-Նախիջևան երկաթուղին, հայ-թուրքական շփումները
և երկու կողմերի համար այլ առանցքային նշանակության հարցերի փաթեթ։
Նշենք, որ այս
օրերին հայկական կողմը ևս ակտիվ շփումների մեջ է: Նախօրեին Անթալիայում տեղի է ունեցել
Միրզոյան-Լավրով հանդիպում, մարտի 9-ին Փարիզում՝ Փաշինյան-Մակրոն, Փաշինյան-Միշել
հանդիպումներ, սպասվում է նաև Փաշինյանի այցը Մոսկվա՝ Պուտինի հրավերով: Միրզոյան-Լավրով
հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ
օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ այս տարվա ապրիլին Փաշինյանի՝ ՌԴ պաշտոնական
այցի նախապատրաստումը, ինչպես նաև դիվանագիտական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված մի շարք այլ միջոցառումներ։
Ի դեպ՝ Անթալիայում Լավրովը հանդիպել էր նաև Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների
հետ:
Կարող ենք փաստել,
որ այսօր աշխարհը մտել է դինամիկ, անընդհատ փոփոխությունների, վերափոխումների, քաղաքական
վերանայումների, վերադիրքավորումների փուլ: Հետևելով ընդհանուր տրամաբանությանը՝ կարող
ենք ընդգծել, որ այս փուլը դեռ կերկարաձգվի, քանի որ երկարաձգվում են քաղաքական, ռազմական
գործընթացները, նոր որոշումներ են կայացվում, որոնց տրամաբանությունը դա է ենթադրում:
Սա պայմանավորված
է նաև այն հանգամանքով, որ Թուրքիան, ինչպես միշտ, հետաքրքիր է գործում, փորձում է
կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, զուգահեռաբար՝ ավելի սուր դիքրավորվելով
Ռուսաստանի հանդեպ, թեև բովանդակային առումով դա ոչինչ չի նշանակում, սակայն Թուրքիան
ցանկանում է ԱՄՆ-ին որոշ ծառայություններ մատուցել և հարաբերություններում դրական ֆոն
ստեղծել, ինչը վերացած է: Դժվար է ասել, թե Թուրքիայի միջնորդությունը որևէ արդյունքի
կհանգեցնի, այդ միջնորդության հայտն ի սկզբանե Ռուսաստանը չի ընդունել, սա դիտարկվել
է՝ որպես հարց Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այս հարցում դեր ունի նաև Թուրքիայի դիրքորոշումը
Ղրիմի հարցում: Սակայն Արևմուտքն այնուամենայնիվ տեսնում է Թուրքիայի համար նման դեր
և նույնիսկ ավելի հավակնոտ, քանի որ խոսք եղավ այն մասին, որ Թուրքիան կարող է լինել
այն երկրների շարքում, որոնք երաշխիքներ տան Ուկրաինային: Սա պատահական կոնֆիգուրացիա
չէ, թեև Մոսկվան փորձում է այն անտեսել: Իսկ այս միջնորդության արդյունավետությունը
շատ կասկածելի ու մշուշոտ է, քանի որ դեռևս այս փուլում ռուս-ուկրաինական որևէ բանակցություն
հաջող ընթացք չի ունեցել։
Չի բացառվում,
որ այս համատարած անկայունության փուլում կարող են գլուխ բարձրացնել բոլոր խնդիրները,
չլուծված հարցերը, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է ու պատերազմից հետո
մնացած մի քանի թեմաները: Հավելենք, որ անորոշ է թվում՝ ինչպես է Մոսկվան շարունակելու
այս փուլում նույն ինտենսիվությամբ զբաղվել կողմերի միջև բանակցություններով՝ տարածաշրջանային
կոմունիկացիաների ապաշրջափակման կամ սահմանազատման հարցի շուրջ, քանի որ դա բավականին
մեծ դիվանագիտական ռեսուրս պահանջող գործընթաց է:
Ի դեպ՝ առաջին
անգամ չէ, որ աշխարհում նման անկայուն փուլերում Ղարաբաղյան հակամարտությունն իր մասին
հիշեցնում է, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ, անելիքներ, որոնք այս ամենի
հետևանքով տուժում են: Ադրբեջանն իր հերթին մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների
ընթացքում հարավկովկասյան բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել:
Արմեն Հովասափյան









