Երևանի Կենտրոն վարչական շրջանում օդի աղտոտվածությունն ամենաբարձրն է։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրեց նոյեմբերին Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները։
Այսպես,
• Կենտրոն- նոյեմբերի 17-23-ն օդում փոշու կոնցենտրացիան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել Է 1,4-4 անգամ, իսկ նոյեմբերի 17-19-ը՝ ազոտի երկօքսիդը՝ 1,4-1,6 անգամ
• Արաբկիր-փոշու կոնցենտրացիան նույն ժամանակահատվածում նորման գերազանցել Է 1,1 – 1,6 անգամ, ազոտի երկօքսիդը՝ նոյեմբերի 17 – ին և 20-ին՝ 1,1 անգամ
• Շենգավիթ-միայն նոյեմբերի 25-ին փոշու կոնցենտրացիայի նորման գերազանցել է 1,2 անգամ, իսկ ազոտի երկօքսիդը՝ 1,3 անգամ
• Նոր Նորքում մոնիթորինգի օրերին օդում փոշու կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորմա չի գերազանցել, իսկ ազոտի երկօքսիդը՝ նոյեմբերի 17-ին և 22-ին՝ 1,1 անգամ
Ծծմբի երկօքսիդն աճել է, սակայն Երևանի որևէ վարչական շրջանում այն չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան։









