ՀՀ կառավարությունը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը և Դանիայի դեսպանությունը ս.թ. նոյեմբերի 25-ին նշել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ութերորդ տարեդարձը, որի հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և բարեփոխումների նկատմամբ հանձնառությունը։
ՀԸԳՀ-ն ստորագրումից ի վեր կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման խթանման, ժողովրդավարական կառավարման բարելավման և օրենքի գերակայության առաջխաղացման գործում՝ միաժամանակ ստեղծելով խոստումնալից տնտեսական հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար:
Հայաստանը և Եվրոպական Միությունը համատեղ իրականացրել են բարեփոխումներ արդարադատության, հանրային կառավարման, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, կապակցվածության և կայուն տնտեսական զարգացման ուղղություններով:
ՀԸԳՀ ստորագրման ութամյակի առթիվ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է,-«Այսօր մենք առիթ ունենք ոչ միայն հետ նայելու անցած ուղուն, այլև ձևակերպելու ապագա անելիքները։ Ապագա, որտեղ ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը, զարգացման ծրագրերի ուղենիշը և միջազգային հարաբերությունների առանցքային հենարանը։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստեղծված գործընկերությունն այսօր արդեն անցնում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը և ընդլայնելով դրա քաղաքական և տնտեսական ընդգրկումը»։
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է,- «Տարիների ընթացքում մեր համագործակցությունը զարգացել է՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին, սոցիալ-տնտեսական կայունությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային կապերի խորացմանը միտված Եվրամիության շարունակական աջակցությամբ»:
Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է,- «Քանի որ Դանիան ներկայումս զբաղեցնում է ԵՄ նախագահությունը, մենք ուրախ ենք աջակցել այսօր անցկացվող տարեդարձի միջոցառմանը՝ Հայաստան բերելով դանիացի հիմնական բանախոս Սյուն Կնուդսենին։ Մենք բարձր ենք գնահատում այս հնարավորությունը՝ ներկայացնելու Դանիայի փորձը հանրային հատվածի նորարարությունների, ինչպես նաև հասարակության տարբեր գործընկերների հետ՝ ազգային և միջազգային մակարդակներում, համագործակցության միջոցով բարեփոխումներ առաջ տանելու և արդյունքներ ապահովելու գործում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի կառույցներ և լուծումներ, որոնք համահունչ են մերօրյա աշխարհի բարդությանը և կարող են նպաստել ՀԸԳՀ-ի ամբողջական ներուժի բացահայտմանը»:
Եվրամիությունն ու Հայաստանը շարունակում են ջանքերը՝ ապահովելու շոշափելի արդյունքներ, որոնք կբարելավեն Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ խթանելով ավելի դինամիկ և ապագայամետ գործընկերություն։









