Foto

Ռուսաստանը երկարաժամկետ շահեր ունի Թուրքիայի հետ և դրանց է ենթարկելու Բաքվի ու Երևանի հետ իր փոխգործակցության տրամաբանությունը

«Երեք+երկուսը» արդեն ոչ թե տարածարջանային համընդգրկուն ֆորմատ է, այլ Հայաստանին ռազմական պարտության արդյունքների հիման վրա զիջումներ պարտադրելուն կոչված հարթակ»: 

Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում Vesti.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ:

 

-Պարո՛ն Մելիքյան, Ռուսաստանի Դաշնությունը հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր մոտեցումները: Դուք դա որպես վերջնագի՞ր եք գնահատում, թե՞ այլ կարծիքի եք:

-Անշուշտ, իր ձևով այդ առաջարկը վերջնագրի է նման և կարծում եմ, որ ռուսական կողմը լավ է գիտակցում, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այն չեն ընդունելու: Գուցե ժամանակ կձգեն այն քննարկելու պատրվակով, սակայն վերջնարդյունքում կմերժեն: Այդ առաջարկը չի կարող ընդուվել: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանին այդ մերժումն անհրաժեշտ է հրապարակային տիրույթում սեփական հետագա քայլերն արդարացելու և հիմնավորելու համար:

-Դուք հավանական եք համարում, որ ռուս-ամերիկյան այս երկխոսությունը կարող է բերել կարճաժամկետ ու բախումներով և ցնցումներով հղի միջանկյալ փուլի: Նկատի ունեք դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական բախումները: Մեր տարածաշրջանում նոր ռազմական բախումներ հնարավո՞ր են:

-Ես գտնում եմ, որ ռուսական առաջարկների անտեսումը, մերժումը կարող է Մոսկվայի համար դառալ առիթ նախաձեռնելու այնպիսի գործողություններ, որոնք ազգայնական խռովությունների ու արյունալի բախումների համար նախադրյալներ կստեղծեն հատկապես Կենտրոնկան Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում և, հավանաբար փոքր-ինչ ավելի ուշ՝ մեր հարևան Ադրբեջանում կհանգեցնի իշխանափոխության: Իր անուղղակի, բայց որոշիչ ազդեցությունը սա կունենա նաև Իրանի կղերապետական վարչակազմի ճակատագրի վրա և այնտեղ կարող է բերել ոչ միայն իշխանափոխության, այլև կենտրոնախույս, անջատողական շարժումների ամրապնդմանն ու ներքին սահմանազատումների իրականացմանը: Այդուհանդերձ Իրանը, որոշ զիջումների գնով, դեռ կարող է մեղմել իրեն սպառնացող վտանգները:

-Շատ տեսաբաններ ընթացիկ պրոցեսները դիտարկում են որպես ԽՍՀՄ վերականգնման փորձ, թեև Ռուսաստանը հերքում է դա: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում, ինչպե՞ս եք վերաբերվում դրան

-Ռուսաստանում ԽՍՀՄ վերականգման նկատմամբ երկակի մոտեցում է նկատելի: Մի կողմից ՌԴ նախագահ Պուտինը պնդում է, որ Մոսկվան իր առջև նման խնդիր չի դնում և վերադարձ անցյալին չի լինելու: Մյուս կողմից ԽՍՀՄ մեր ընդհնուր անցյալի հանդեպ կարոտախտի քարոզը ռուսական և ռուսալեզու ԶԼՄ-ներում տեսանելի է՝ աչք է ծակում: Անգամ օրերս Մոսկվայում անցկացվող հոկեյի մրցաշարում Ռուսաստանի հավաքականը հանդես է գալիս «ԽՍՀՄ» վերտառությամբ մարզաշապիկով: Ստացվում է, որ պաշտոնական մակարդակում վերադարձն անցյալին մերժվում է, բայց, միաժամանակ, ԽՍՀՄ-ի գովազդ է իրականացվում՝ ևս պետական քարոզչամեքենայի ջանքերով: Ես ստույգ գիտեմ, որ վերաստեղծել ԽՍՀՄ-ը հնարավոր չէ: Նախագահ Պուտինն, ըստ ամենայնի, ևս դա շատ լավ հասկանում է, բայց թույլ է տալիս, որ այդ գաղափարը լայնորեն շրջանառվի: Չեմ բացառում, որ դա արվում է հատկապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առնվազն մի մասում որոշակի տրամադրություններ ձևավորելու համար: Այդուհանդերձ, ԽՍՀՄ գաղափարը կարող է միս ու արյուն ստանալ Ռուսաստանի ու Բելառուսի միավորման գործընթացը խթանելու պարագայում: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Ռուսաստանը համընկնող երկարաժամկետ շահեր ունի Թուրքիայի հետ և հենց դրանց է ենթարկելու Բաքվի ու Երևանի հետ իր փոխգործակցության տրամաբանությունը:

-Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա և ի՞նչ վեկտորներով

-Հավանական եմ համարում, որ Մոսկվան կջանա առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում մեծացնել սեփական ազդեցությունն Ադրբեջանում, առանց Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների կրճատման: Միաժամանակ, տարածարջանում իրողությունների փոփոխմանը զուգահեռ, Մոսկվան կարող է դիտարկել նաև Հայաստանում իր ռազմական ներկայությունը դադարեցնելու հնարավորությունը և, փոխարենն, ավելացնել իր կարողություններն Արցախում: Պետք է հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանը թևակոխել է փոփոխությունների ու անկայունության փուլ, որը կարող տևել տաս-տասներկու տարի:

-Ռուսաստանի և Արևմուտքի ուկրաինական օրակարգը կբերի՞ ռուս-թուրքական ներկա հարաբերությունների փոփոխությունների:

- Արևմուտքը ես միասնական չեմ դիտարկում, սակայն Ուկրաինայի հարցում ԱՄՆ, Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն առայժմ հանդես կգան միասնական պլատֆորմով: Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն հակադրվել Ուկրաինայի հարցում, բայց կհամգործակցեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

-Դա ի՞նչ ազդեցություն կունենա մասնավորապես «երեք+երեք» ֆորմատի և հայ-թուրքական երկխոսության վրա:

- Առանց Վրաստանի «երեք+երեք» բանակցային ձևաչափը գոյություն չունի, իսկ «երեք+երկուսը» արդեն ոչ թե տարածարջանային համընդգրկուն ֆորմատ է, այլ Հայաստանին ռազմական պարտության արդյունքների հիման վրա զիջումներ պարտադրելուն կոչված հարթակ: