Foto

«Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել». Բժիշկների բողոքի ակցիան դատախազության մոտ՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի (ուղիղ)

Բժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել դատախազության մոտ՝ ի աջակցություն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի:

Բժիշկներից Սամվել Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավաքվել են հայտնելու իրենց մտահոգությունը Արմեն Չարչյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ. «Նա արդեն ուներ ծանր հիվանդություն եւ անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են ի հատ եկել: Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն, որը շատ ծանր ախտաբանություն է, բայց կառավարելի: Եթե ժամանակին կանխարգելվում են բարդությունները, մարդն այս հիվանդության հետ ապրում է երկար՝ առանց խնդիր ունենալու:

Համարյա բոլոր օրգան համակարգերը ախտահարված են, դրանք ծանր ախտահարումներ են: Այսօր իմացա, որ նաեւ աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել: Գոյություն ունի կառավարության որոշում, որտեղ հստակ սահմանվում են այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի հետ: Այս ցանկի մեկ հոդվածին էր համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այսօր իմացա, որ արդեն 4-ի է հասել: Խոսքը ծանր բարդությունների մասին է: Մեկ շաբաթ հետո այս 4-ը կդառնա 8»,-ասաց նա:

Սամվել Սահակյանը հավելեց, որ փաստաբանը դիմել է, որ հրատապ նիստ նշանակվի, որը նշանակվել է ամսի 1-ին. «Մեր այստեղ գալու իմաստն այն է, որ հանդիպենք գլխավոր դատախազի հետ առանց բանավիճելու միտման: Մենք պարզապես խնդրանքով ենք դիմելու, որ փոխեն խափանման միջոց կալանքը;

Մեկ շաբաթ հետո կարող է ուշ լինել: Հավատացեք, որ ավելի վատ է վիճակը, քան կարող եմ ներկայացնել: Եթե մնա այսպես, այս հիվանդությունը չափազանց վտանգավոր է»,-ասաց բժիշկը: