Այսօր փաստաբանների պալատը նոր նախագահ է ընտրել։ Ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է փաստաբանների ընտրությունը և հաջողություն մաղթել գործընկերոջը։ Vesti.am-ը զրուցել է Փաստաբանների պալատի ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանի հետ։
–Ձեր ֆեյսբուքյան գրառմամբ
շնորհավորել էինք փաստաբանների պալատի նորընտիր նախագահին։ Սիմոն Բաբայանից ի՞նչ սպասելիքներ
ունենք։
- Սիմոն Բաբայանի հետ երկար տարիների համագործակցության
փորձ ունեմ և տեսել եմ իր պրոֆեսիոնալիզմը, բարեխղճությունը և պատասխանատվության զգացումը:
Սպասելիքս է, որ զարգացնի ՀՀ փաստաբանների պալատը, ավելին անի, քան ես եմ կարողացել
անել:
–Որպես պալատի նախագահ
ի՞նչ կարևոր գործընթացներ եք սկսել, որ կարծում եք պետք
է շարունակվեն և ի՞նչ նոր բարեփոխումների կարիք կա։
- Մեկ բանի մասին
կնշեմ, որ հաջողվել է խելացի և պատասխանատու մարդկանց հավաքել նույն միջավայրում: Շատ
լավ, բարեխիղճ և պատասխանատու աշխատակազմ է ստեղծվել, մեկ ընտանիքի նման, առանց որոնց
հնարավոր չէր որևէ ծրագիր իրականացնել: Փաստաբանների պալատը կենդանի օրգանիզմ է, իր
առօրյա խնդիրներով, հնարավոր մարտահրավերներով: Պալատում մշտապես սրտացավ և աչալուրջ
աշխատանքի կարիք կա՝ եղած լավը պահելու և զարգացնելու:
–Նախորդ տարիների նախագահների
աշխատանքում ի՞նչն եք կարևորում։
- Սրտացավությունը
փաստաբանական համայնքի նկատմամբ:
–Նշել էիք՝ «Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և
բամբասանքների ճանապարհը»: Ըստ Ձեզ փաստաբանները թեկնածուներից ո՞ւմ մերժեցին, որ
իր հետ բերելու էր նշած արհավիրքները։
- Ընտրելով Սիմոն Բաբայանին՝
բնականաբար մերժել են Գևորգ Գյոզալյանի ծրագիրը: Վերջինս հաճախ էր օգտագործում
քանդել բառը: Քարոզչության սև փիառի մեթոդն էր որդեգրել և պատասխանը ստացավ
փաստաբաններից: Մեր փաստաբաններն իրավագիտակից մարդիկ են, կարողանում են թացը
չորից տարբերել:
–Հոկտեմբերի 5-ից դադարելու
է Ձեր գործունեությունը, որպես պալատի նախագահ, ի՞նչ հետագա պլաններ ունեք։
- Ես փաստաբան
եմ, հոկտեմբերի 5-ից հետո էլ փաստաբան եմ մնալու: Մասնագիտական ոլորտում եմ լինելու,
ինչպես նաև քաղաքական գործունեությամբ եմ զբաղվելու:
–Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության լուրջ խնդիրներ ունենք։ Ի՞նչն է խանգարում իրավական պետության զարգացմանն ու առաջընթացին։
- Այս խնդիրը
եղել է և մշտապես լինելու է: Բազմիցս նշել եմ, որ Գրիգոր Տաթևացու դեռևս 14-րդ դարում
նշված 4 պատճառները պետք է վերացնել՝ կաշառք, երեսպաշտություն, վախ և տգիտություն:
Պետության ջանքերը պետք է ուղղվեն այս պատճառների վերացման դեմ՝ դատավորներին վերապատրաստելու,
նյութական պայմանները բարելավելու, իրական անկախությունն ապահովելու, այլ ազդեցություն
բանեցողների նկատմամբ պատիժներ սահմանելու և այլ միջոցներով: