Foto

Նախկին պատգամավորն ավազ է ապօրինի արդյունահանել․ Հետք

Արարատի մարզի Ռանչպար գյուղի վարչական տարածքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել, որի հետևանքով պետությանը վնաս է պատճառվել։ «Հետքը» 2025 թ․-ին մի քանի անգամ ականատես էր եղել, որ գյուղում ապօրինի գործած եւ փակված հանքի հարևանությամբ նոր տեղամաս է բացվել։ Այս անգամ պարզել ենք, որ ավազի ապօրինի արդյունահանում իրականացրած ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանին։

«Google earth» ծրագրի միջոցով տեսանելի է, որ 2025 թ․-ի մարտի դրությամբ չգրանցված հանքավայրի այն տեղամասից, որտեղից նախկինում արդյունահանում էր արվել, արդեն ավազ չի հանվում։

Նախկին հանքախորշերը լցված են ջրով, իսկ ավազ լվացող մետաղական տեխնիկան հիմնականում ապամոնտաժվել եւ տեղափոխվել է։ Արբանյակային նույն պատկերում երևում է, որ ավազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել նախկին տեղամասից 200 մետր հարավ-արևմուտք ընկած տարածքում։ Լուսանկարներում երևում են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, հողը հարթեցվել է, տեղադրվել են երկու վագոն-տնակներ, որոնց մոտ կուտակված են մետաղական սարքավորումներ (հավանաբար ավազի լվացման հետ գործ ունեցող)։

Ավազի արդյունահանման նոր տեղամասի տարածքը հասցե չունի, սակայն Կադաստրի կոմիտեից տեղեկանում ենք, որ այն մասնավոր սեփականություն է։ 4000 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը պատկանում է «Հելլա սիստեմս» ՍՊԸ-ին։ Սեփականության իրավունքը գրանցվել է 2024 թ․-ի դեկտեմբերին։ «Հելլա սիստեմս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023 թ․-ին ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի կողմից։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է նրան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։