Դեռ Օնիկ Գասպարյանի ու մյուս գեներալների ու հրամանատարների հայտնի հայտարարության օրերին Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին, որ Հայաստանում ապակայունացման փորձ թուլ չեն տա: Այսինքն դեռ այն ժամանակ, երբ շատ թարմ էին 44-օրյա պատերազմի վերքերը, դեռ տղաների արյունը չէր չորացել մարտադաշտերում, դեռ նրանց մարմինները հոշոտում էին վայրի գազանները, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստակամ էին պահել և պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նրանք արդեն գիտեին, որ Նիկոլն իրենցն է մարմնով ու
հոգով, և իրենց բոլոր պահանջները կատարվելու են:
Հիմա հայ ժողովուրդը դուրս է եկել պարտության «նոկդաունից» և Նիկոլի իշխանությունը լրջագույն վտանգի տակ է: Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար նրանց նվազագույն առիթ է հարկավոր և այդ առիթը Նիկոլը տալիս է վերջին ամիսների ընթացքում՝ եպիսկոպոսների ու ակտիվիստների ձերբակալություններ՝ ահաբեկչական ու իշխանազավթման հատկանիշների հոդվածներով, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, փաստաբանների ձերբակալությունները, Փարաքարի համայնքապետի սպանությունն ու Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը: Հիմա էլ՝ Հովհաննավանքում մի ինչ-որ «աբիժնիկի» կողմից պատարագի մատուցումը կարող է լինել այն կայծը, որ կբերի քաղաքացիական անհնազանդությունների ալիքի, որն էլ կարող են օգտագործել Թուրքիան ու Ադրբեջանը՝ Հայաստանի նկատմամբ արտաքին ինտերվենցիա սկսելու համար: Նրանք Փաշինյանի հետ արդեն հող են նախապատրաստել, որպեսզի Հայաստանում ցանկացած ընդդիմադիր շարժում կամ ընդվզում ներկայացնեն որպես ռևանշիզմ, ահաբեկչություն և ֆաշիզմի դրսևորում:
Սակայն կարևոր է հասկանալ և ըմբռնել մի կարևոր բան. արտաքին ներխուժման վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության: Ինչքան էլ նա մատնացույց անի, թե հիմա խաղաղություն է, Ադրբեջանի տարածքով Ղզախստանից հացահատիկ ենք ներկրում, «միջանցք» բառը մեզ չի վերաբերվում և այլն, միևնույն է՝ վտանգը կա: Բայց դա կիրագործվի միմիայն Փաշինյանի թույլտվությամբ, երբ նա զգա, որ ժողովրդի վստահությունն այլևս չի վայելում, չի կարողանում վերահսկել իրավիճակը և վերարտադրվել: Պատերազմ բերողն էլ է Նիկոլ Փաշինյանը, եթե փորձի վերարտադրվել, պատերազմից հեռացնողն էլ է Փաշինյանը, եթե ինքնակամ հեռանա իշխանությունից: Բայց նա հեռացողը չէ:
Հիմա հենց այդ իրավիճակն է և Փաշինյանը հրահրում է: Ինքը գիտի՝ ինչ անել, իսկ մենք գիտե՞նք, թե ինչ անել: