Foto

Նոր խորհրդարանը պետք է մաքրի փաշինյանական խորհրդարանից մնացած «ավգյան ախոռները». Արա Աբրահամյանը՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, նոր ուժ ձևավորելու, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին «Հայկական ժամանակը» հարցաձրուց է վերցրել Արա Աբրահամյանից:

- Պարոն Աբրահամյան, մարտի 27-ին հայտարարել էիք, որ պատրաստվում եք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ ձևաչափով է լինելու ձեր մասնակցությունը ընտրություններին, ո՞ր ուժերի հետ եք ներկայանալու:

- Ես այդ հայտարարությունը կատարել եմ, որովհետև այսօր տարածաշրջանում և Հայաստանում ծավալվող իրադարձությունները թույլ չեն տալիս կողքից դիտել, թե ինչպես է մեր հայրենիքը կորցնում իր սուբյեկտայնությունը: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել անկախության համար, որպեսզի հեշտությամբ հրաժարվենք դրանից՝ առանց հաշվի նստելու կորուստների հետ, որոնցից ամենազգայունը հազարավոր մարդկային կյանքերն են:

Ես 30 տարի եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ ոչ մի պաշտոնական կարգավիճակ չունենալով: Այսօր ես բոլոր հնարավորություններն ունեմ ապրել աշխարհի ցանկացած կետում, զբաղվել իմ գործերով՝ հասարակական գործունեությամբ, բիզնեսով, իմ առողջությամբ, կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները և այլն: Բայց ես որոշել եմ մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին, որպեսզի փորձեմ կանգնեցնել վտանգավոր միտումները, օգնեմ Հայաստանին՝ բռնելու զարգացման ճանապարհը: Դա իմ խղճի պահանջն է:

Իմ մասնակցության ձևաչափի մասին կհայտնեմ, երբ կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Կարող եմ ասել, որ ես ունեմ թիմ, ծրագիր և պատկերացում, թե ինչպես Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, նրա քաղաքացիների կյանքը դարձնել անվտանգ և սոցիալապես ապահով, վերադարձնել մարդկանց անձնական և ազգային արժանապատվությունը:

Մեր ձևավորած քաղաքական պլատֆորմին կարող է միանալ մեր գաղափարախոսությունն ընդունող յուրաքանչյուր ոք, որի հիմքում համամարդկային քրիստոնեական արժեքները և հայրենիքի նկատմամբ սերն են:

- 2016-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ հայտարարել էիք, որ կուսակցություն եք հիմնելու և մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին, սակայն հետո չմասնակցեցիք առողջական խնդիրների պատճառով: Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ ընտրություններին մասնակցելու որևէ խոչընդոտ լինի, կամ անձամբ չմասնակցեք, սակայն սատարեք որևէ ուժի:

- 2016 թվականին իսկապես մտադիր էի մասնակցել ընտրություններին, բայց, ցավոք սրտի, հանկարծահաս բարդ հիվանդությունը թույլ չտվեց դա անել: Մի քանի տարի ես պայքարում էի հիվանդության դեմ և, փառք Աստծո, հաղթահարեցի այն: Բայց այս անգամ Հայաստանի գոյության խնդիրն է դրված: Ոչ մի պատճառ, այդ թվում՝ առողջական (որն առավել անհանգստացնում է իմ ընտանիքի անդամներին), չի կարող ազդել իմ վճռականության վրա:

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ինչպե՞ս եք վերաբերում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դուք ո՞ր ընտրակարգի կողմնակիցն եք:

- Կարելի է մեկնաբանել, դատողություններ անել, թե որ ընտրակարգն է ավելի համապատասխանում Հայաստանին և այլն: Բայց այս դեպքում բանը ոչ թե մանրուքների մեջ է, այլ այն, որ այդ որոշումն ընդունվել է մեկ մարդու և նրա քաղաքական խմբակի քմահաճույքով և շահերի համար: Անթույլատրելի են երկրի օրենքների փոփոխությունների փորձերը կոնկրետ մեկ մարդու, այլ ոչ թե ողջ հայ ժողովրդի համար: Մենք արդեն գիտենք, թե ինչ հետևանքներ ունեցավ երկրի Սահմանադրության փոփոխությունը՝ հօգուտ մեկ անձի: Նաև տեսնում ենք, որ դրա պատճառով ամբողջ Հայաստանը և 10 միլիոնանոց հայությունը այդ իրավական թակարդի պատանդն են դարձել:

- Հարցազրույցներից մեկում կոչ եք արել քաղաքացիներին կաշառք չվերցնել այս ընտրություններին, որը կլինի ամենամեծ ներդրումը Հայաստանի վերածննդի համար: Կարծում եք՝ ընտրություններին կաշառք կբաժանվի՞, և ո՞ր քաղաքական ուժերի կողմից եք սպասում նման գործելաոճ:

- Ցավոք, Հայաստանի անկախության ողջ ընթացքում ընտրությունները երբեք ազնիվ չեն եղել: Երկրի ազգաբնակչությանն այս ծանր ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում քաղաքական ընտրություններ պարտադրելն ինքնին արկածախնդրություն և խաբեություն է: Ես կոչ եմ անում ոչ այնքան բնակչությանը, որքան քաղաքական ուժերին, որոնք կմասնակցեն ընտրություններին, զերծ մնալ անթույլատրելի և ոչ արժանապատիվ մեթոդներից, այդ թվում՝ կաշառքից, լինի դա փողով, թե դատարկ խոստումներով: Ցավոք, Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցների մեծամասնությանը դա խորթ չէ: Իսկ մարդիկ, ներքաշվելով դրա մեջ, մոռանում են, որ ծանր ֆինանսական դրությամբ պայմանավորված՝ այսրոպեական թուլությունը զրկելու է իրենց զավակներին և թոռներին ապագայից:

- Ի՞նչ ակնկալիք ունեք այս ընտրություններից: Ինչպիսի՞ խորհրդարան եք ակնկալում տեսնել:

- Կուզեի տեսնել հայրենասերներից, պրոֆեսոնալներից և առաքինի մարդկանցից կազմված Ազգային ժողով, որը կգործի ոչ թե առանձին խմբերի, այլ ժողովրդի շահերից: Արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանը ամենայն հավանականությամբ անցումային կլինի: Այն պետք է մաքրի փաշինյանական խորհրդարանից մնացած «ավգյան ախոռները» և հիմք դնի նոր Ազգային ժողովի, որը գործնականում պետք է ներկայացնի Հայաստանի և ողջ հայ ժողովրդի շահերը, գործի հանուն դրա: Այդ խորհրդարանում անպայման պետք է ներկայացված լինի նաև սփյուռքը՝ առանձին պալատով:


Աղբյուր՝ armtimes.com