Արցախի Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների նամակը ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին
Վաղ ժամանակներից կորցնելով պետականությունը՝ հայ ժողովուրդը հայտնվեց օտարերկրյա զավթիչների կործանիչ տիրապետության տակ:
Սակայն հային երբեք չի լքել ազատություն և սեփական պետություն ունենալու ձգտումը, ինչին ի պատասխան զավթիչները հակադրում էին ցեղասպան գործողություններ: Առանձնապես դաժան դրսևորումները տեղի ունեցան վերջին երկու դարերում:
Երկարատև այդ պատերազմները և զավթիչների ցեղասպան գործողությունները ամբողջ հայ ազգը և նրա հայրենիքը բաժանեցին տարբեր հատվածների։ Հայերը, գաղթելով տարբեր երկրներ, որոշ երկրներում կազմելով գաղութներ, որոշներում լուծվելով այդ երկրների ժողովուրդների հետ, կորցրին իրենց ազգային ինքնությունը:
Սակայն ամեն անգամ մղելով ծանր ազգային ազատագրական պայքար՝ հայ ժողովուրդը փորձել է վերգտնել իր անկախությունը և իրեն աստծուց տրված բնօրրանում կերտել պետություն: Ու չնայած, վերջապես, 1918 թվականին կերտեց իր անկախությունը, չկարողացավ միավորել իր բնօրրանի հողերը: Այսպես, Արևմտյան Հայաստանը հայտնվեց Թուրքիայի կազմում և ամբողջությամբ հայաթափվեց: Նախիջևանը և Ղարաբաղը Սովետական միության ղեկավարները տվեցին Ադրբեջանին, ինչի հետևանքով Նախիջևանը լրիվությամբ հայաթափվեց, իսկ Ղարաբաղն էլ սկսեց ենթարկվել նույն հայաջինջ ցեղասպան քաղաքականությանը: Այդ քաղաքականությունը պատճառ դարձավ, որ Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը ելնի ազատագրական պայքարի, որպեսզի պաշտանի իր ֆիզիկական գոյությունը, ազգային ինքնությունը և իր դարավոր մշակույթը:
1988 թվականին սկսված այդ պայքարը սվիններով ընդունեց Խորհդային կենտրոնական իշխանությունները, և Խորհրդային Ադրբեջանը՝ այսպիսով ազգային ազատագրական խիստ դեմոկրատական շարժումը վերածելով զինված հակամարտության: Ղարաբաղը ենթարկվեց շրջափակման: Ուժեղ էր հայ ազգի ազատագրական ոգին, և Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար կռվում տանելով հաղթանակ՝ Ղարաբաղի ժողովուրդը լծվեց ազատագրված հայրենիքում սեփական պետությունը կերտելու խաղաղ գործընթացին:
Պատերազմական գործողությունների ավարտից հետո միջազգային հանրությունը, որի դերը մեծ էր պատերազմական գործողությունները կանգնեցնելու գործում, նաև հանդես եկավ որպես երաշխավոր անժամկետ հրադադարի՝ որդեգրելով երեք հիմնարար սկզբունքները:
Ինչպես ընթացան դրանից հետո դեպքերը ԼՂՀ-ում, հայտնի է աշխարհին:
Անմարդկային շրջափակման մեջ հայտնված Արցախի ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը փորձեցին վերականգնել պարտերազմից խիստ տուժած երկիրը և տնտեսութունը, ինչն այդպես էլ չհաջողվեց, քանի որ ունեցած աղքատիկ բյուջեն պիտի գնար նաև ռազմական ծախսերի վրա:
Եվ ահա, երբ 2020 թվականին նոր-նոր մեր տնտեսության մեջ մի փոքր առաջընթաց էր սկսում նկատվել, քաղաքներում և գյուղերում բնակիչներն սկսել էին նոր բնակարաններ կառուցել, այգիներ տնկել և ընդհանրապես գյուղատնտեսությունը զարգացնել:
Խախտելով ուժի չկիրառման հիմնական սկզբունքը, արհամարհելով Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոչերը հասնելու խաղաղ լուծման, Ադրբեջանն իր թիկունքում ունենալով Թուրքիայի և տարբեր երկրների ծայրահեղական ջիհադիստների աջակցությունը՝ նոր պատերազմ սկսեց ԼՂՀ-ի դեմ: Պատերազմ, որն ավելի շատ ցեղասպանություն էր և միջազգային բանդիտիզմ, քան պատերազմ: Պատերազմի արդյունքում Հադրութի շրջանի բնիկ ազգաբնակչությունը, դիմակայելով հանդերձ այդ ցեղասպան պատերազմին, չկարողացավ պաշտպանվել հակառակորդի գերակշիռ ուժերից և լքեց իր հայրենիքը, զրկվեց իր սեփականությունից:
Մենք դիմում ենք
ՄԱԿ-ին,
Եվրամիությանը,
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին,
ԱՄՆ-ին,
Ռուսաստանին,
Ֆրանսիային,
խնդրելով և պահանջելով վերականգնել հակամարտության բանակցային գործընթացը, վերականգնել մեր հայրենիքը, տեր կանգնել իրենց խոստումներին, այն է՝ հակամարտության ռազմական լուծման բացառում:
Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ որպես խաղաղության երաշխավոր, ըստ մեզ, իրենց պարտականությունը չեն կատարել։ Ավելին, մեզ համար զարմանալի է, թե ինչպես եղավ, որ երեք գերտերությունների պահանջն անտեսվեց Ադրբեջանի նման մի մարգինալ կառավարության կողմից։
Ավելորդ չենք համարում ասել, որ հայկական կողմը, երկու անգամ իր համար նպաստավոր պայմաններում անսալով միջազգային հանրության կոչերին, կանգնեցրել է պատերազմը:
Որպեսզի տարածաշրջանը վերադառնա նորմալ կյանքի, միջազգային հանրությունից և Մինսկի խմբի համանախագահներից պահանջվում է
– վերականգնել 1994 թվականի հրադադարով հաստատված դիրքերը
– խաղաղապահ (միջազգային կամ բազմազգ) ուժերի հսկողության տակ վերադարձնել վերջին պատերազմի տեղահանվածներին
– անպայման հաշվի առնել, որ հատկապես Հադրութի շրջանը վերաբնակեցվում են միջազգային ահաբեկիչներով՝ խախտելով մեր իրավունքները
-ըստ ամենայնի, հաշվի առնելով, որ հարյուրավոր տարիներով Թուրքիան 21-րդ դարում չի փոխել իր ցեղասպան էությունը, միջազգային հանրություն ապագայի համար պետք է մտածի նաև Ղարաբաղի ժողովրդին ինքնապաշտպանվելու համար տրամադրի ժամանակակից զենք: (Հայ ազգը կարող է իրապես): Իրավիճակը, որում հայտնվել ենք, ոչ թե այն պատճառով է, որ ղարաբաղցին ընդունակ չէ ինքն իր ճակատագիրը տնօրինել և պատերազմել իր համար, այլ մեծապես պայմանավորված է պատերազմի անսպասելիությամբ, ներգրավված ուժերի բնույթով և նախորդ պատերազմներից քայքայված տնտեսության պատճառով։ Աշխարհին հայտնի է, որ ղարաբաղցին քաջ և կատաղի կռվող է։
– օգնել մեզ տեր կանգնելու մեր սեփականությանը և հաշվի առնելով միջազգային հանրության կողմից խոստացված սեփականության իրավունքի անքակտելիությունը և անժամկետությունը:
-պետք է հստակ հայտարարի դիրքորոշում այն մասին, որ եթե միջազգային հանրությունը չընդունի մեր այս խնդրանքը, կիրառելով անջատում հանուն փրկության սկզբունքը։ Հակառակ դեպքում ստիպված կլինի գործ ունենալ մի նոր փախստական համայնքի հետ, քանի որ ՀՀ-ի այս պատերազմից քայքայված տնտեսությունը չի կարող ապահովել այդ փախստականներին: Նման պայմաններում ստիպված պիտի լինենք դիմել միջազգային հանրությանը բնակության նորմալ պայմաններ տրամադրելու համար:
Վերջին 30 տարում մեր ազատասիրության և մարդկային հասարակ իրավունքներ ունենալու ցանկության համար ռուս-թուրքական ալյանսի կողմից մեզ պարտադրվել է երեք դաժան պատերազմ իր բոլոր ետպատերազմական հետևանքներով: Այս ամենը մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք և մեր զավակները ռուս-թուրքական բռնակալության ազդեցության ոլորտում չենք կարող կառուցել ապագա և հույս չունենալով, որ Արցախի Հանրապետությունը կարող է ապահովել մեր քաղաքակիրթ զարգացումը մեր իսկ հայրենիքում, սպիտված ենք դիմել աշխարհի և Եվրոպայի պետություններին մեզ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
Հուսով ենք, որ մեր այս ծայրահեղ ճիչ-խնդրանքը չի մերժվի և մեզ հնարավորություն կտրվի նաև պահպանել մեր ազգային ինքնությունը, ինչն անհնար է տարածաշրջանի գերտերությունների՝ առնվազն 200 տարի տևող արտագաղթի նպաստման ագրեսիվ ասիմիլացիոն քաղաքականության պատճառով:
Հադրութի շրջանի բնակիչներ