ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան դրանք:
«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցերով կանոնավոր շփումներ են իրականացվում»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Կրեմլը չի ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք գնահատում ենք: Ինչ վերաբերում է մեր համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավորն է հետաքրքրվել, թե ինչպես պահպանել վերջերս հաստատված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես ապահովել բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը և այլն: Եվ ինչպես վերահսկել այս խաղաղության պահպանումը»,- ավելացրել է Պեսկովը: