Foto

Բան չկա, մի անգամ «ժավելով կլողանա» ու վերջ

«Իմ քաjլը» խմբակցության պատգամավորn առանց դիմակի զանգվածային միջոցառման է մասնակցել և դրա համար տուգանվել է: Թվում է՝ ոչ մի արտառոց բան չկա և օրինախախտը պատասխանատվության է ենթարկվել: Բայց հարցն ավելի լուրջ և խորքային է թեկուզ այն պարզ պատճառով, որ օրինախախտn ԱԺ պատգամավոր է, քաղաքական մեծամասնության ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը, ով իր իսկ սեղմած կոճակով օրենք է ընդունել և խախտել այն: Հիմա իշխանական ողջ քարոզչամեքենան լծվել է նրան մաքրագործելու, դրանից քաղաքական դիվիդենտներ շահելու գործին: Նույնիսկ խմբակցության ղեկավարը, արձակուրդում գտնվելով, ասուլիս է հրավիրել ու ձեռքի հետ էլ մի քանի աշխարհաքաղաքական «ցունամի» արել: Բայց դրանից բան դուրս չի գալու, իշխանությունները սրա նստվածքը դեռ երկար են քերելու իրենց դեմքից: Մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար ստացող պատգամավորի համար 10 հազար դրամ տուգանք մուծելն ու ներողություն խնդրելը ոչ մի դրական հանրային տպավորություն չի թողնում: Թե բա՝ ներողություն է խնդրել նաև պարետատնից և քաղաքական թիմից:

Հարց. իսկ քաղաքական թիմը, որ մի քանի ամիս շարունակ քաղաքացիներին դիմակ է պարտադրում, փաստացի անձնագրային ռեժիմ է սահմանել և որերորդ անգամ արտակարգ դրություն է երկարացնում, այդ պատգամավորի արարքին գնահատական տվե՞լ է, ներե՞լ, թե դատապարտում է այդ զանցանքը: Արդյո՞ք այդ պատգամավորը եզակի է, թե՞ այլ պատգամավորներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կան, որ թքած ունեն սահմանված կարգի վրա, բայց հաջողացրել են չբռնվել: Արդյո՞ք դա նույն պատգամավորի միակ զանցանքն է: Ձու գողացողը ձի էլ կգողանա, և այս պատգամավորի վարքագիծը պետք է քաղաքական թիմի կողմից այնպիսի գնահատական ստանա, որ մյուսներին էլ դաս լինի:

Ցավոք՝ մեր իրականությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ նման դեպքերում իշխանությունները բավարարվում են միայն «ժավելով լողանալով» ու վերջ: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան