Մենք նոր իրողությունների ենք բախվում, կանցնեն ամիսներ, և մեր ֆինանսական կազմակերպություններն ու բանակերը սպառողական վարկերի հետ կապված հսկայական խնդիրներ են ունենալու:
Այս մասին Ազագային ժողովի ֆինանսավարկային և տնտեսական մշտական հանձնաժողովի նիստին «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս ասաց նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
«Հիմա մենք դեռևս չենք պատկերացնում, թե չվճարումների ինչ մակարդակի հետ կբախվեն բանկերը և ինչպես են աշխատելու բոլորի հետ: Սա շատ էական հարց է. անցյալ անգամ Կենտրոնական բանկում ևս մի քանի մեթոդներ քննարկեցինք, որ հնարավոր կդարձնեն այս խնդիրների լուծումը: Ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ ցանկանում են մարդկանց վարկավորել՝ եկամուտները հաշվի առնելով»,- ասաց նա:
Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր Արտակ Մանուկյանն էլ մանրամասնեց, որ նպատակ ունեն հնարավորություն ստեղծել, որպեսզի քաղաքացին էլ ավելի գիտակցված ընտրություն կատարի։
«Առաջարկում ենք, մասնավորապես, մինչև 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար եկամտի ապացուցելու հնարավորություն լինի, այսինքն՝ իրականացվի վարկառուի ֆինանսական վիճակի գնահատում։ Կա ստեղծված թակարդ, որ եկամուտ չունեցող կամ վատ վարկային պատմություն ունեցող մարդկանց վարկավորում են ավելի բարձր տոկոսներով, հետագայում էլ սա դառնում է սոցիալական չարիք։ Մենք ուզում ենք ավելի գիտակցված ընտրության մասով փոփոխություններ անել, մասնավորապես, որ գրվի ոչ թե այն տոկոսադրույքը, որը ֆորմալ առումով օրինակ 15% է, բայց հաշվում և տեսնում ես, որ 120% է դառնում, այլ փաստացի տոկոսադրույքը ներկայացվի»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ եթե իրական տարեկան տոկոսադրույքը նշվի, ապա քաղաքացին կհասկանա, որ շատ էժան վարկերը հետագայում ավելի մեծ բեռ են դառնում, կանխավճարներ են ենթադրում, կամ քաղվածքի համար վճարներ, այլ վճարներ, այսինքն՝ մեծ հաշվով այդ ծախսերը մեծ ծավալ ունեն:
Աղբյուր՝ Tert.am