Արցախը
մեր տարածաշրջանի միակ պետությունն է, թեկուզև միջազգայնորեն չճանաչված, որտեղ պաշտոնապես
չկա կորոնավիրուսով հիվանդ մարդ։ Հուսանք, որ չի էլ լինի։
Հույսը
հույս, բայց Հայաստանի հետ ինտենսիվ կապի մեջ գտնվող Արցախը չի կարող կորոնավիրուսի
տարածման ռիսկային գոտում չգտնվել։ Իսկ դա նշանակում է, որ նախագահական ու խորհրդարանական
ընտրություններն այնտեղ պետք է հետաձգվեն։
Կորոնավիրուսն,
ինչպես հայտնի է, շատ կպչուն է ու արագ է տարածվում։ Այսինքն՝ կա ռիսկ, որ ընտրատեղամասերում,
իսկ մինչև այդ էլ՝ մարդաշատ քարոզչական հավաքներում վիրուսը կարող է տարածվել։ Բոլորն
էլ սա հասկանում են, բայց ընտրությունները չեն հետաձգվում։
Հայաստանում
արտակարգ դրություն է, երկուսից ավել մարդու թույլ չեն տալիս սեփական ավտոմեքենայում
գտնվել, մարդիկ ձևաթղթով են դուրս գալիս փողոց, փակ են խանութներ ու արտադրամասեր,
քաղաքում հատուկ տեխնիկայով ոստիկաններ են շրջում, բայց արի ու տես, որ Արցախում ոչինչ
չի արվում։
Բոլորն
այդքան վստա՞հ են, որ Արցախում «կորոնան» չի շրջում։ Որտեղի՞ց այդ վստահությունը։ Հատկապես
որ այնտեղ համապատասխան բժշկական հնարավորություններ չկան և թեստերը Երևանում են ստուգվում։
Կորոնավիրուսն
արդեն ներթափանցել է հայաստանյան բանակ, բայց ոչինչ չեն անում, որ հանկարծ նույնը չկրկնվի
Արցախի բանակում։ Չեն նկատում կամ չեն ուզում նկատել կորոնավիրուսին՝ ռիսկի տակ դնելով
արցախցիների անվտանգությունը և առողջությունը։ Հարց է առաջանում՝ ինչու՞, ու՞մ է ձեռնտու
այս ամենը։
Նիկոլ Փաշինյանի համար Արցախն արդեն Հայաստան
չէ և վե՞րջ
Նիկոլ
Փաշինյանի տեսակետը Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հակասական է։ Նրա գլխավոր խնդիրը
հակամարտության լուծման հարցում պատասխանատվությունից խուսափելն է (ինչպես որ մյուս
բոլոր հարցերում)։ Նա մեկ հայտարարում է «Արցախը Հայաստան է և վերջ», մեկ՝ «Ես չեմ
կարող ներկայացնել Արցախին բանակցությունների ժամանակ, քանի որ չունեմ արցախցիների
մանդատը» մեկ էլ՝ «Հակամարտության լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանին,
Արցախին և Ադրբեջանին»։
Հիմա
ստացվում է, որ «Արցախը Հայաստան չէ և վերջ» վիճակ է, որովհետև անահասկանալի է, թե
ինչու պետք է Հայաստանում մարդիկ տանը նստեն կորոնավիրուսի պատճառով, իսկ Արցախում
մասնակցեն հավաքների ու գնան ընտրատեղամաս, որտեղ վարակվելու հավանականությունը մեծանում
է։
Հաշվի
առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող են եզրակացնել, որ Արցախում ընտրությունները չհետաձգելու
հարցում Բակո Սահակյանին ճնշում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Հենց
ՀՀ վարչապետը թույլ չի տալիս կորոնավիրուսի պատճառով հետաձգել ընտրությունները։ Դա
ցույց է տալիս, որ նա քաղաքական հաշվարկներ ունի այդ հարցում։ Այդ հաշվարկներում արցախահայությունը
առաջնային տեղերում չէ։
Ճիշտ
այնպես, ինչպես Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրական վտանգի պայմաններում Փաշինյանը
մարդկանց հավաքում ու քարոզ էր իրականացնում, քանի որ քաղաքական շահ ուներ, նույն ձևով
էլ Արցախում է նա կորոնավիրուսի վտանգն անտեսում ու ստիպում, որ ընտրությունները մարտի
31–ին կայանան։ Նույն կարծիքին է նաև ՀՀ նախագահ
Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ պաշտոնական Երևանը արցախցիներին ու բանակը վիրուսով պատելու
վտանգն աչքի առաջ ունենալով հանդերձ՝ ուզում է ընտրություն անցկացնել։
Թե ինչու
է այդպիսին Փաշինյանի դիրքորոշումը, տարբեր գնահատականներ կան, սակայն ուշագրավ է,
որ փաշինյանական իշխանության սորոսական թևը, «թավշյա» հեղափոխության արցախյան գործակալները,
ՀՀ իշխանությունների կողմից կառավարվող տարատեսակ մարգինալ շրջանակները պահանջում են
կորոնավիրուսի պատճառով հետաձգել ընտրությունները։ «Ծռերն» էլ իրենց հերթին տարածում
են լուրեր այն մասին, թե, իբր, հայտնի են դարձել Արցախում կորոնավիրուսով հիվանդներ
ու ՀՀ առողջապահության նախարարից պարզաբանում են պահանջում։
Ի դեպ,
Հայաստանում էլ կան շրջանակներ, որոնց նպատակներն Արցախում կտրուկ տարբերվում են Փաշինյանի
նպատակներից, բայց ընտրությունների օրը չհետաձգելու հարցում նրանք համակարծիք են Փաշինյանի
հետ։ Թե ինչու է այդպես ստացվել, այլ խոսակցության թեմա է։
Ուշագրավ
է նաև այն, որ նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտներից միայն Վիտալի Բալասանյանն
է ահազանգում վիրուսի տարածման մասին և կոչ անում հետաձգել ընտրությունները՝ առաջարկելով
նաև իրավական լուծումներ, իսկ ահա նախագահական մրցավազքի մեկ այլ հիմնական դերակատար
Արայիկ Հարությունյանը չի ուզում, որ այն հետաձգվի։
Մինչև
վերջերս այդ թեմայով լուռ էր Մասիս Մայիլյանը, սակայն նա արդեն հայտարարել է, որ ըմբռնումով
կմոտանա հետաձգելու որոշմանը։ Ասել է թե՝ Մայիլյանը լղոզված դիրքորոշում ունի՝ ո՛չ
պահանջում է հետաձգում, ո՛չ դեմ կլինի հետաձգմանը։
Արցախում
ակտիվ խաղացող և ցնցումների գեներատոր Սամվել Բաբայանը Հարությունյանի, Փաշինյանի պես
դեմ է, որպեսզի ընտրությունները հետաձգվեն։
Թե ինչու
են Արցախում Հարությունյանը և Բաբայանը ուզում պահել ընտրությունների օրը մարտի
31–ին, հասկանալի է։ Նրանց բացատրություններն
են տարբեր, բայց մոտիվացիան նույնն է։ Իրենք հաշվում են, որ ամեն մի հետաձգված
օրն աշխատելու է իրենց դեմ ու էլեկտորալ վարկանիշի կորուստ ունենան, ուստի պետք չէ
հետաձգել քվեարկության ժամկետը։ Համ էլ՝ ամեն մի օրը բառիս բուն իմաստով թանկ է նստում
նրանց վրա, և չեն ուզում, որ դա երկար շարունակվի։
Մայիլյանը
Բաբայան–Հարությունյան ֆինանսական, այլ ոչ թե քաղաքական հակադրության մեջ դիտորդի կարգավիճակ
ունի։ Մայիլյանի առաքելությունն այլ է։
Արցախի
ներսի ու դրսի ակտիվ խաղացողները տարբեր հաշվարկներ ունեն, բայց այդ հաշվարկների մեծ
մասը կապ չունի Արցախի ու հայության շահի հետ։ Բալասանյանն այս առումով շահեկանորեն
տարբերվում է։
Դավադրություն Արցախի դեմ
Արցախում
հիմա ակտիվ աշխատում են բոլորը՝ Փաշինյանը, նրա շրջապատի տարբեր թևերը, Հայաստանի հականիկոլական
բոլոր շրջանակները, ռուսները, սորոսականները,
«ծռերը» և այլք։
Երբեք
Արցախն այսքան ենթակա չի եղել դրսի միջամտություններին, ինչպես հիմա։ Պատճառը պարզ
է՝ խաղադրույքները շատ բարձր են և լուծվում են աշխարհքաղաքական, անվտանգային հարցեր։
Պատճառներից մյուսն էլ այն է, որ ՀՀ նոր իշխանությունների հետ փայատիրական հարաբերությունների
մեջ են դրսի շրջանակները, որոնք հիմա շանս են տեսել Արցախ ներթափանցել թիկունքից ու
հեղափոխությունն արտահանել այնտեղ։
Նիկոլ
Փաշինյանին պետք է խամաճիկային իշխանություն Արցախում, իսկ սորոսականներին՝ քաոս։ Իսկ
դրսի աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող ուժերն ի դեմս Փաշինյանի տեսնում են
հայկական Էլչիբեյին, որի ղեկավարման օրոք հնարավոր է գրանցել այնպիսի արդյունքներ,
ինչպիսի արդյունքներ, որ Ադրբեջանի համար գրանցվել են նախորդ դարի 90–ականներին Էլչիբեյի
նախագահության շրջանում։
Ո՞րն է Փաշինյանի խաղն Արցախում
Փաշինյանն
ունի նախագահի երկու նախընտրելի թեկնածու՝ Մասիս Մայիլյանը և Արայիկ Հարությունյանը։
Մայիլյանը նաև սորոսական շրջանակների թեկնածուն է ու նաև Բաբայանի պատկերացրած կամակատարը։
Ինչ
վերաբերում է Հարությունյանին, ապա նա ավելի ինքնուրույն է, քան Մայիլյանը, բայց միևնույն
է իրեն դիրքավորում է որպես փաշինյանական։
Մայիլյանն
ու Հարությունյանն իրար հետ մրցում են Փաշինյանին հաճոյանալու հարցում, բայց կա մի
տարբերություն։ Հարությունանը սիրաշահում է մարմնին, իսկ Մայիլյանը՝ մարմնին ու հեղափոխությանը։
Հարությունյանի
որոշակի ինքնուրույնությունն ու լպրծուն կերպարը ստիպում է Փաշինյանին նրան կասկածանքով
վերաբերվել՝ թեև ֆորմալ առումով Հարությունյանը հրապարակավ հավատարմության երդումներ
է տալիս ՀՀ վարչապետին։
Փաշինյանը
գիտի, որ այդպիսի երդումներ Հարությունյանը տվել է նաև Սերժ Սարգսյանին ու անսահմանորեն
քծնել ՀՀ 3–րդ նախագահին, բայց դա չի խանգարել 2018–ի մայիսից ճամբարափոխ լինել։ Իսկ
դա խոսում է Հարությունյանի՝ իրավիճակից ելնելով դիրքորոշում փոխելու հատկության մասին,
ինչը ձեռնտու չէ Փաշինյանին։
Ու քանի
որ Հարությունյանը հաղթանակի հիմնական հավակնորդներից է, ուստի Փաշինյանն ուզում է
ամեն կերպ թուլացնել, որ եթե նա նույնիսկ հաղթի, ապա դա լինի ծանր գնով ձեռք բերված
հաղթանակ։ Դրա համար է Փաշինյանը խրախուսում բախումները Մայիլյան–Բաբայան զույգի և
Հարությունյանի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տարբերակով։
Փաշինյանի
ցանկությունն այն է, որ Արցախի ապագա իշխանությունն ու ապագա ընդդիմությունը լինեն
իր գրպանում։ Իսկ դրա համար պետք է որ Արցախի ապագա նախագահը, ով էլ որ նա լինի, ունենա
«կաղ բադի» կարգավիճակ, այսինքն՝ լինի թույլ։ Այդ բանաձևը կյանքի կոչելու համար Փաշինյանին
պետք են ցնցումներ։
Արցախում
ցնցումների հարցում համընկնում են Փաշինյանի և սորոսականների շահերը։ Պատահական չէ,
որ Արցախի մարգինալ ուժերը սադրանքների են գնում, սորոսականներն անթաքույց աջակցում
են Մայիլյանին, իսկ Փաշինյանի հայաստանյան խունվեյբինները գործուղվում են Ստեփանակերտ՝
վրան խփած դրածոներին աջակցելու։
Փաշինյանը
մի խնդիր ունի և այդ խնդրի շուրջ բոլորն են համախմբված՝ փողոցային դրածոներից մինչև
Մայիլյան, սորոսականներից մինչև Արայիկ Հարությունյան։ Այդ խնդիրն է թույլ չտալ, որպեսզի
Արցախի նախագահ դառնա Վիտալի Բալասանյանը, այսինքն՝ թույլ չտալ, որպեսզի Արցախն ունենա
ինքնուրույն և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման կողմնակից նախագահ։
Ինչ
մնում է Փաշինյանի հաշվարկին, ապա այն հետևյալն է։ Եթե նախագահ է դառնում Արայիկ Հարությունյանը,
ապա նրա դեմ ձևավորվում է «փողոց», որը ճնշում է նրան։ Թույլ Հարությունյանի ձեռքերով
արվում են բազմաթիվ կեղտոտ գործեր Արցախում, իսկ թե հետո ինչ կլինի, ժամանակը ցույց
կտա։
Իսկ
եթե նախագահ է դառնում Մայիլյանը, ապա ավելի լավ Փաշինյանի համար, քանզի հեղափոխության
արտահանման պահանջը, որը Փաշինյանի առաջ դնում են հայաստանյան իշխանության դրսի փայատերերը,
իրականացվում է։ Համ էլ՝ Փաշինյանին էլ է ձեռնտու Արցախի նախագահի կարգավիճակում ավելի
անդեմ ու ամբողջությամբ կամազուրկ Մայիլյանը, քան փողատեր Հարությունյանը, որը պարբերաբար
պնդում է, որ եթե Հայաստանը սխալ բանակցի Արցախի հարցում, ապա Երևանում կկրկնվի
1998թ. իշխանափոխության սցենարը։ Փաշինյանին դա նյարդայնացնում է, քանզի նրան պետք
է մեկը, ով իր վրա կվերցնի փուլային լուծման տարբերակի պատասխանատվությունը, ինչի մասին
բարձրաձայնում է Բալասանյանն ու կատեգորիկ դեմ արտահայտվում։
Ի դեպ,
Մայիլյանի ու Հարությունյանի նախագահ դառնալու տարբերակներում էլ Փաշինյանին ու դրսի
ուժերին Արցախում ցնցումներ են պետք։ Եվ այդ ցնցումները նախապատրաստվում են։ Ակտիվ
մասնակցություն այս հարցում ունի ՀՀ ԱԽՔ և սորսականների ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը,
որն անթաքույց աջակցում է Մասիս Մայիլյանին։
Ցնցումների
համար երկու սցենար է նախապատրաստվում։
Սցենար 1–ին
Եթե
Բակո Սահակյանը և խորհրդարանական մեծամասնություն ունեցող Արայիկ Հարությունյանը չնկատելու
են տալիս կորոնավիրուսի վտանգը և չեն հետաձգում ընտրությունները, ապա կախված ընտրությունների
արդյունքներից (եթե Հարությունյանն է ընտրվում)՝ Արցախի «փողոցը» հնարավորություն է
ստանում մեղադրել Սահակյանին ու Հարությունյանին կորոնավիրուսի վտանգը թաքցնելու համար։
Իսկ որ այդ օրերին ՀՀ իշխանությունները կարող են հաստատել, օրինակ, «ծռերի» ունեցած
տեղեկությունները, որ վիրուսով հիվանդ, այդուհանդերձ, եղել է Արցախում, կասկած չի հարուցում։
Փաշինյանականները
«փողոցը» գեներացնելու համար կարող են դաշտ նետել կորոնավիրուսի տարծման մասին տեղեկատվություն,
ինչն էլ պայթյունի էֆեկտ կապահովի Արցախում՝ նպաստելով հանրային հուզումներին։
Արցախի
մարգինալները, Մ. Մայիլյանը, սորոսականներն այս սցենարի շրջանակներում հիստերիա կբարձրացնեն,
թե բա տեսեք էս հանցագործները, էս բարբարոսները հանուն իրենց աթոռի վտանգի ենթարկեցին
արցախահայության կյանքն ու առողջությունը և չհետաձգեցին ընտրությունները, թաքցրեցին
իրականությունը և այլն։
Այս
սցենարի իրականացման համար Փաշինյանն այժմ թույլ չի տալիս Բակո Սահակյանին հետաձգել
ընտրությունները և չնկատելու է տալիս կորոնավիրուսի թեման։ Նա կառավարության նիստում
ընդամենն ասում է, որ կասկածելի դիտորդներին կթեստավորեն, ու միայն դրանից հետո թույլ
կտան մեկնել Արցախ, իսկ ահա հետաձգումը բացառում է։
Թե ինչպիսի
ցնցումներ կլինեն և մինչև ուր կհասնեն ցնցումները, ինչ կլինի արցախահայության հետ,
այս սցենարի կողմնակիցներին քիչ է հետաքրքրում։ Կարևորը ցնումներն են։
Սցենար 2–րդ
Բակո
Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, կորոնավիրուսի տարածման իրական վտանգի ճնշման
տակ, այդուհանդերձ հետաձգում են ընտրությունները։ Այս դեպքում ևս ցնցումների առիթ կա։
Սամվել
Բաբայանը, ով գրեթե միակն է, ով դեմ է հետաձգմանը, կարող է մեղադրել Արցախի իշխանություններին։
Ընտրության հետաձգումը նա կարող է գնահատել որպես իշխանության ուզուրպացիա։ Կարող է
հիշեցնել, որ Բակո Սահակյանի համար նախագահական ժամկետը մեկ անգամ արդեն Սահմանադրությամբ
երկարացվել է, իսկ հիմա առիթ են վերցրել կորոնավիրուսը, որպեսզի էլի երկարաձգեն հին
ուժերի իշխանավարումը։
Հասկանալի
է, որ այս սցենարի դեպքում պաշտոնական Երևանը չի հաստատի կորոնավիրուսի դեպք Արցախում,
որպեսզի հնարավորություն տա «փողոցին» փաստարկներ ունենալ և ցնցումներ իրականացնել
Արցախում։
Մեկ
բան, սակայն, այս սցենարում համեմատաբար ոչ ի օգուտ «փողոցի» է։ Բանն այն է, որ Բաբայանը
մենակ կարող է մնալ, քանզի ո՛չ իր իսկ կողմից աջակցվող Մայիլյանը, ո՛չ սորոսականները
իր դիրքորոշումը չեն պաշտպանի։ Բայց ցնցման ռեսուրս նույնիսկ այդ դեպքում կա։
Այսպիսով,
և՛ առաջին, և՛ երկրորդ սցենարների դեպքում Արցախում ցնցումներ են սպասվում։
Իսկ
ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ նախագահական
ընտրությունների առաջին ու երկրորդ փուլերի արանքում կորոնավիրուսի տարածման ավելի
քան իրական վտանգ լինի ու Արցախի իշխանությունները, անկախ ամեն ինչից, ստիպված լինեն
երկրորդ փուլից առաջ հետաձգել ընտրությունները։ Որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին։
Ով է լինելու գլխավոր շահառուն, եթե Արցախում
ցնցումներ լինեն
Նկատենք,
որ Արցախում ցնցումների գլխավոր շահառուն Ադրբեջանն է։
Թշնամի
հարևանները հիմա չեն էլ թաքցնում, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում Արցախում
տեղի ունենալիք ընտրությունները չեն կարող միջազգային լեգիտիմություն ունենալ։
Ինչ
մնում է ցնցոմներին, ապա նրանք ամենաշատն են շահագրգռված դրանց մեջ, քանզի իրենց սցենարի
մեջ է մտնում նաև Արցախում քաոսի ու բզկտված պետական կառավարման համակարգի պայմաններում
հարձակման դիմելը։ Այսինքն՝ անել այն, ինչ անում էինք մենք երբ Ադրբեջանում քաոս էր
ու Էլչիբեյի պես անհավասարակշիռ նախագահ։
Ահա
այսպիսի զարգացումներ են սպասվում Արցախում, ինչն ամեն գնով պետք է թույլ չտալ։
Թե ինչ
կունենանք պրակտիկայում, կերևա մոտ օրերս։ Չարյաց փոքրագույնն ընտրությունները հետաձգելն
է։ Սա անկախ ամեն ինչից նաև անվտանգության հարց է։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող
է լինել, եթե վիրուսը մտնի Արցախի բանակ։ Իսկ որ այդպիսի ռիսկ կա, որևէ մեկը չի կարող
հակառակը պնդել։
Հետաձգման
օգտին խոսող մյուս փաստարկն այն է, որ Հայաստանում օր օրի թուլանում է Փաշինյանի իշխանությունը։
Արցախում պետք է ժամանակ ձգեն և թույլ չտան, որպեսզի հաջողվի խամաճիկային իշխանություն
ձևավորել։ Կարևորը սորոսականներին ցնցումների ռեսուրսից զրկելը և Ադրբեջանի հնարավոր
հարձակումը կանխելն է։
Արցախն
այս ընտրությունների չպետք է դուրս գա թուլացած ու բզկտված։ Դա ձեռնտու է միայն մեր
թշնամիներին։