Foto

Շիրակի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը (ֆոտոշարք)

Ապրիլի 26-ին,  Շիրակի մարզում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման անդրանիկ նիստը: Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը հանդիպում են ունեցել խորհրդի անդամների հետ,   ծանոթացել բնակիչների խնդիրներին, կարծիքներին և նրանց կողմից առաջարկված ծրագրերին: «Ազգային միասնության» շարժման կառույցի գրասենյակում նրանք նաև ներկայացրել են շարժման Շիրակի մարզային կառույցի ղեկավար  Արմեն Հունանյանին:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Գյումրու Հայորդաց տանը «Ազգային միասնության» շարժման ընդլայնված ժողովն է տեղի ունեցել:

Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը ժողովի ժամանակ տեղեկացրել է, որ «Ազգային միասնություն» շարժման նախագահ Արա Աբրահամյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, և մի խումբ մասնագետների հետ աշխատում է համապարփակ ծրագրի շուրջ, որն էլ դառնալու է շարժման ապագա գործունեության հիմքը:

-Այդ ծրագիրը  պետք է իր մեջ պարունակի ՀՀ այլընտրանքային զարգացման բոլոր հնարավորությունները, այսպես ասած, «խելոք պետություն» հասկացության հիմք դառնա, երբ ամեն ինչ արվում է այնպես, որ քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք: Եթե Հայաստանը պետք է դառնա այն պետությունը, որը իսկապես զարգանում է, ապա այդ ծրագիրը պետք է լինի ամբողջական, որի մեջ երևալու են այն հեռանկարները, որոնք մենք կարող ենք իրականացնել,-ասել է Արամ Սարգսյանը:

Նա նշել է, որ ծրագրի կյանքի կոչման և իրականացման կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես-ֆորումն է, որը տեղի է ունենալու Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:

-Տեսնելով, թե ինչպիսին է սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում՝ Արա Աբրահամյանը փորձել է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցի շուրջ,-նշել է Սարգսյանը:

Ֆորումին աջակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Financial Times» թերթը, համագործակցելու են ՀՀ կառավարության հետ, ինչպես նաև փորձեր են արվելու աշխատել Դավոսյան հարթակի և շատ այլ նման կառույցների հետ:

Արամ Սարգսյանը նշել է, որ ի աջակցություն ծրագրի՝  նախորդ տարվա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում՝ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստան է այցելել  «Ростех» ռուսական պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Տեղի են ունեցել հանդիպումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: 2-րդ պատվիրակության այցի ժամանակ, քննարկվել են նաև «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման հարցերը: Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայաստան այցելած  3-րդ պատվիրակությունն էլ նավաշինության խոշոր կորպորացիան էր:

Ըստ Արամ Սարգսյանի՝ այս ամենը մեծ հնարավորություն էր ՀՀ կառավարության համար՝ օգտվել այդ կարողություններից և նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքել:

Որպես ծրագրի զարգացման 2-րդ կարևորագույն հիմք՝ Արամ Սարգսյանը նշում է օտարերկրյա այնպիսի խոշորագույն ընկերությունների և անհատների, որոնք շահագրգիռ կլինեն Հայաստանում ներդրումնել անել:

Նա ասել է՝ եթե «Ազգային միասնություն» շարժման ծրագիրը հավանություն ստանա ժողովրդի կողմից, ապա շարժումը ապագայում կմասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին:

-Սա շատ նորմալ երևույթ է: Այսինքն, գնալ և այնպիսի լծակներ ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս իրականանցնել նման խոշորագույն ծրագրեր,-ասել է Սարգսյանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն էլ անդրադարձել է այս 2 կազմակերպությունների ստեղծման պատմությանը, նկարագրին  և գործունեությանը:

-Ռուսաստանի հայերի միությունը 15 տարվա պատմություն ունի, ստեղծվել է 2000-ին: Սա անծայրածիր սփյուռք ունեցող հայ ժողովրդի համար առաջին կազմակերպությունն է, որը համայնքայինից վերածվել է վերհամայնքային կազմակերպության: Հիմնական նպատակն է նպաստել Ռուսաստանում բնակվող հայության աշխատանքային, իրավական, կրթամշակութային շահերի պաշտպանությանը: Ռուսաստանի հայերի մության հիմնադրումից 3 տարի հետո նախաձեռնվեց Համաշխարհային հայկական կոնգրես կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է համախմբել աշխարհի հայությանը մեր ազգային շահերի շուրջ: Այս 2 կազմակերպությունն էլ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնման հիմքն են դարձել,- մանրամասնել  է Աղայանը:

Նա  նշել է, որ հոկտեմբերին կայանալիք ֆորումը, որը նպատակ ունի ներդրումային լուրջ քաղաքականություն վարել,  կարող է հիմք հանդիսանալ Հայաստանում հեշտությամբ փակված հարյուրավոր ձեռնարկությունների բազայի կամ նոր հիմքի վրա բազմաթիվ աշխատատեղեր ապահովելու համար, հատկապես՝ երիտասարդության:

-Հայաստանը պետք է լինի հզոր, անվտանգ, որպեսզի կարողանանք ապահովել շարժման ծրագրերի իրականացումը և մեր սկսած աշխատանքը: Որոշ ծրագրեր են նախատեսված, որոնք նպաստելու են սփյուռքի ակտիվ մասնակցությանը՝ Արցախի պաշտպանության և ճանաչման խնդրի կազմակերպման հարցում,-ասել է Աղայանը: 

Նա  ժողովի մասնակիցներին կոչ է արել ծրագրեր և  լավ առաջարկներ ունենալու դեպքում  ներկայացնել դրանք, որոնք կյանքի կոչելու շնորհիվ կարող են բազմաթիվ աշխատատեղերի բացման հիմք դառնալ:

Ժողովի ավարտին տեղի է ունեցել հարց-պատասխան բանախոսների և մասնակիցների միջև: Նրանք  հանդես են եկել իրենց առաջարկություններով և ծրագրերով:

Մասնակիցներից մեկն առաջարկել է Ղազանչի գյուղի աղբյուրներից մեկից հենց այնպես հոսող ջուրը շշալցնել: Գերմանիայից 2 անգամ մասնագտներ են այցելել գյուղ, լաբորատոր ստուգումներ անցկացրել և պարզել, որ ինքնաբուխ աղբյուրի բոլոր չափորոշիչները համապատասխանում են խմելու ջրի որակային հատկանիշներին:

«Ազգային միասնություն» շարժման Շիրակի մարզային կառույցի խորհրդի անդամներից մեկն էլ առաջարկել է նկարչական յուղաներկերի արտադրության բիզնես-ծրագիր, որը մշակել է Գյումրու «Կույրերի միավորում» ուսումնաարտադրական ձեռնարկությունը: Ներկայացված ծրագրով՝ տվյալ յուղաներկերը զուտ բնական հումքից են, իսկ հումքը տեղական է:

Կարծիք է հնչել Շիրակի մարզում ունենալ սեփական կինոստուդիան՝ կինոարտադրության խթանման նպատակով:

Մասնակիցների բոլոր առաջարկներն ընդունվել են ի գիտություն և նշվել է, որ դրանց հնարավորինս  լուծումներ կտրվեն:

Vesti.am