Foto

ՀՌՀ-ն կողմ չէ «Շողակաթ» հեռուստաընկերության փակմանը, բայց հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն. Տիգրան Հակոբյան

Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր էր, այն կրթական-մշակութային էր: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որին լրագրողները հարց էին ուղղել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխության վերաբերյալ: Այս մասին փոխանցում է Լուրերը:

«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- ասաց Հակոբյանը:

ՀՌՀ նախագահի խոսքով՝ իրենք այդ մասին հարցումներ արել էին Հանրային հեռարձակողների խորհրդին:

«Հասարակությունը, մամուլը խառնվում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ այդ թնջուկը լուծում է ստանում՝ ճիշտ թե սխալ: Կարծում եմ՝ եթե «Շողակաթը կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի: Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը:

Նրա խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի:

«Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար: Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև սա արդեն օրենք է, իսկ օրենքի ճիշտ և սխալը հանձնաժողովի նախագահը կամ անդամը իրավունք չունի  մեկնաբանել, բայց մենք սկսեցինք անդրադառնալ խնդրին, երբ գնացքը արդեն գնացել էր: Կարծում եմ՝ մտահոգված, հետաքրքրված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձներ «Շողակաթի» բովանդակությանը»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ որևէ բան տեղի ունեցածի հետևանքով չի կորչում, կորչում է միայն պետության ֆինանսավորումը: 

«Այն բովանդակությունը, որ պարտավոր էր ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է, չէր ապահովում, բայց կրկնում եմ՝ մենք այստեղ գործառույթ չունենք, դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից:

Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել նախաձեռնությունը: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա փաստել է՝ ներկայացված նախագիծը որևէ հեռուստաալիք  փակելու մասին չէ:

«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որպեսզի հանրային հեռարձակողն առնվազն 3-ի փոխարեն 2 սլոթ ունենա»,- ասել էր ԲՏԱ նախարարը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել էր հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում: